Միջազգային 

Ժիրինովսկին ասել է, թե ինչու է ադրբեջանամետ դարձել

ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին «Россия для всех» պորտալին տված հարցազրույցում բացատրել է իր վերջին ելույթներից մեկի դրդապատճառը, որտեղ նա հպարտացել է Ադրբեջանի ձեռքբերումներով, տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az կայքը:

 

Նա բացատրել է, թե ինչու է փոխել իր դիրքորոշումը, քանի որ նախկինում շատ կտրուկ և բացասական էր արտահայտվում Ադրբեջանի հասցեին:

 

«Ես հարցազրույցում համեմատել եմ Ուկրաինան և Ադրբեջանը: Կա Ուկրաինան, որի ղեկավարներն ամերիկամետ են և ռուսաֆոբ, պատերազմ է, զոհվել են հազարավոր անմեղ մարդիկ: Եվ կա Ադրբեջանը, որը ղեկավարում է Իլհամ Ալիևը: Մարդ, որի շնորհիվ երկիրը հաջողությունների է հասել, ծաղկել և զարգանում է: Ադրբեջանում ռուսաֆոբիա չկա, ոչ ոք չի փակում ռուսական դպրոցները, կա Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը, ռուսական թատրոն և այլն: Խոսքն այն մասին էր, որ մենք չպետք է միայն վատը նկատենք հետխորհրդային տարածքում և պետք է ուշադրություն դարձնենք զարգացող երկրներին, որոնցից է Ադրբեջանը»,- ասել է նա:

 

Նա հերքել է, որ երբևէ ասել է, թե ադրբեջանցի ազգություն գոյություն չունի և դրական է գնահատել ռուս-ադրբեջանական հարաբերությունները:

 

Գործիչը խոսել է նաև Մաքսային միությանն Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին, նշելով, որ դա պետք է որոշեն երկրի ղեկավարները:

 

«Ոչ ոք չի ճնշելու Ադրբեջանին: Սակայն մենք կարծում ենք, որ բոլոր երկրներին ձեռնտու է լինելու Մաքսային միությանն անդամակցումը: Տեսեք, թե ԵՄ-ին անդամակցումն ինչպես անդրադարձավ Բուլղարիայի, Լեհաստանի կամ Ռումինիայի վրա և համեմատեք, թե ինչպես էր խորհրդային շրջանում»,-ասել է Ժիրինովսկին: 

Նույն շարքից