Միջազգային 

Ուկրաինայի իրադրության կապակցությամբ «սև ցուցակը» հրապարակվել է

Եվրամիությունը հրապարակել է այն անձանց և ընկերությունների ընդլայնված ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվում Ուկրաինայի իրադրության կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է ԵՄ-ի պաշտոնական հանդեսը:

 

Նորացված «սև ցուցակում» տեղ են գտել ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Գրոմովը, Ղրիմի ՆԳ նախարար Սերգեյ Աբիսովը, գործարարներ Արկադի Ռոտենբերգը, Յուրի Կովալչուկը, Կոնստանտին Մալոֆեևը և Նիկոլայ Շամալովը: Այցագրային ու ֆինանսական սահմանափակումների են ենթարկվել նաև ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության Գերագույն խորհրդի խոսնակ Բորիս Լիտվինովը, ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության մամուլի կենտրոնի ղեկավար Օկսանա Չիգրինան:

 

Բացի այդ, պատժիչ ցանկում ներառվել են Ռուսաստանի ազգային առևտրային բանկը, «Ալմազ-Անտեյ» գործարանը և «Դոբրոլյոտ» ավիաընկերությունը: Այդպիսով, եվրոպական սահմանափակումների տակ հայտնված անձանց ընդհանուր թիվը հասել է 95-ի, իսկ այն ընկերությունների թվաքանակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են գործում՝ 23-ի:

 

Մինչդեռ G7-ը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամության մասին: Խմբի երկրների ղեկավարների կարծիքով՝ Մոսկվան շարունակում է ապակայունացնել Ուկրաինայի հարավ-արևելքի իրադրությունը:

 

«Ռուսաստանը դեռևս հնարավորություն ունի ընտրելու ապաէսկալացման ուղին, որը կարող է բերել պատժամիջոցների չեղարկման: Բայց, եթե նա դա չանի, մենք պատրաստ ենք ավելացնել նրա թշնամական գործողությունների գինը»,- G7-ի համատեղ հայտարարությունից մեջբերում է արել ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից