Բրիտանական The Independent պարբերականը հայտնել է ուկրաինական ճգնաժամի լուծման վերաբերյալ գաղտնի պլանի մասին, որի վրա աշխատել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Обозреватель-ը։
Այդ պլանի հիմնական նպատակներն են եղել Ուկրաինայի սահմանների կայունացումը, ինչպես նաև երկրի տնտեսությանը լուրջ օգնության հատկացումը՝ նոր էներգետիկ համաձայնության հասնելու միջոցով։ Եթե Ռուսաստանը համաձայներ այդ պայմաններին, միջազգային հանրությունը ստիպված կլիներ ճանաչել Ղրիմի անկախությունը և նրա անեքսիան։
Բանակցային գործընթացին մոտ աղբյուրները վստահեցնում են, որ պլանի առաջին նպատակին հասնելու համար Ռուսաստանը պետք է դադարեցնի Ուկրաինայի արևելքում անջատողականներին ռազմական և ֆինանսական օգնության հատկացումը։ Համաձայնության մի մասը պետք է դառնար այդ շրջանին որոշակի ինքնավարության հատկացումը։
Միաժամանակ պլանը նախատեսում էր, որ Ուկրաինայի նախագահը չպետք է իր համաձայնությունը տա ՆԱՏՕ-ին անդամակցությանը։ Ի պատասխան՝ Պուտինը չպետք է արգելափակեր կամ խառնվեր Կիևի՝ ԵՄ-ի հետ նոր առևտրային հարաբերություններին, որոնք նախատեսված են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրով։ Բացի այդ, ըստ պլանի, Ուկրաինային առաջարկվելու էր նոր երկարատև համաձայնագիր «Գազպրոմ»-ի հետ։
Սակայն այդ պլանի քննարկումը դադարեցվել է Ուկրաինայի արևելքում մալայզիական ինքնաթիռի աղետի պատճառով։ Բանակցության մասնակիցները հայտարարել են, որ բանակցությունները կարող են շարունակվել, երբ հետաքննություն սկսվի։
Օդանավը կործանվել է հուլիսի 17-ին, Դոնեցկի շրջանում, զոհվել է 298 մարդ: