Չնայած ե՛ւ ԼՂՀ, ե՛ւ ՀՀ սահմանների ուղղությամբ իրագործած հետախուզական-դիվերսիոն գործողությունների ժամանակ ստացած արժանի պատասխանին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է հանդես գալ հայկական կողմին ուղղված ռազմատենչ հռետորաբանությամբ և սպառնալիքներով:
Դիվերսիոն գործողություններին հայկական կողմից ստացած ահավոր պատժից շոկի մեջ հայտնված Ադրբեջանի ՊՆ-ն երկար լռությունից հետո պաշտոնապես խոստովանել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում «երեք օր շարունակվող մարտերում 8 զինծառայողների զոհվելու» փաստը: Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն սպառնացել է, որ զոհված զինծառայողների արյունը «գետնին չի մնա»: Ադրբեջանի ՊՆ-ն ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ընտանքիներին և հարազատներին:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են հուլիսի 31-ին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում ադրբեջանական բանակի 9 զինծառայողների և Ղազախի ուղղությամբ Հայաստանի հետ սահմանում ևս երկու սպաների զոհվելու և 4 զինծառայողների ծանր վիրավորվելու մասին: