Միջազգային 

Գերմանիան առաջարկում է Գազայի նկատմամբ միջազգային վերահսկողություն սահմանել

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերն առաջարկել է միջազգային վերահսկողության ներքո բացել սահմանային անցակետերը, որպեսզի ՀԱՄԱՍ-ի զենքը չսպառնա Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն:


Նախարարն ընդգծել է, որ ներկայում Գազայի հատվածում շուրջ 2 մլն մարդ է բնակվում, ովքեր տառապում են այն պատճառով, որ տարածքը վերահսկվում է «Իսրայելի գոյության իրավունքը չճանաչող եւ իր զենքը բնակելի թաղամասերում ու դպրոցներում պահող խմբավորման կողմից»:


Նման որոշման տարրերից մեկը գերմանական դիվանագիտության ղեկավար համարում է «միջազգային դիտորդների» մասնակցությամբ սահմանային անցակետերի բացումը, ինչը կխոչընդոտի զենքի մաքսանենգությանը:


Շթայնմայերը մատնանշում է, որ Ֆրանսիայի իր պաշտոնակից Լորան Ֆաբիուսի հետ ենթադրում են այդ նպատակով վերականգնել 2005 թվականին ստեղծված Մերձավոր Արեւելքում ԵՄ սահմանային առաքելությունը:


«Այդպիսի առաքելության օրինական եւ պատասխանատու գործընկերը չպետք է լինի ՀԱՄԱՍ-ը, որը նախկինի պես Իսրայելի ոչնչացումն է պահանջում, այլ Պաղեստինի ինքնավարության ղեկավարությունը՝ նախագահ Աբբասի գլխավորությամբ»,- նշել է Գերմանիայի ԱԳ նախարարը:

Նույն շարքից