ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարում է, որ բազմաթիվ տվյալներ ունի, որոնք վկայում են Ուկրաինայում Մալայզիական ավիուղիների «Boeing 777» օդանավի կործանման մեջ ռուսամետ ակտիվիստների մեղքի մասին: Այս մասին նա ասել է ֆրանսիական Midi Libre պարբերականին տված հարցազրույցում:
«Դա մարդկային ողբերգություն է: Ավելին, այդ զինվորական հանցագործություն է: Մենք բազմաթիվ տվյալներ ունենք, որոնք մատնանշում են Ռուսաստանի կողմից աջակցություն վայելող անջատականների մեղքը: Միաժամանակ, ես սատարում եմ լիարժեք եւ անկախ միջազգային հետաքննության անցկացումը՝ փաստերը հաստատելու համար»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը:
Լրագրողի հարցին, արդյո՞ք նա անհրաժեշտ է համարում գործն արդարադատության միջազգային մարմիններին հանձնելը, նա հայտարարել է. «Որպես հետեւանք՝ այո»,- տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Ավելի վաղ ամերիկյան հետախուզության բարձրաստիճան ներկայացուցիչները լրագրողներին հայտարարել էին, որ ԱՄՆ-ն հստակ չգիտի, թե ով է Ուկրաինայի արեւելքում կործանել մալայզիական Boeing 777-ը, եւ չեն բացառում հավանականությունը, որ ինքնաթիռը ռուսամետ ակտիվիստները կործանել են սխալմամբ: