Միջազգային 

Լավրովը՝ ԼՂ հակամարտության մասին

Քաղաքական հայտարարության ընդունումն «այնպիսի սկզբունքների շարադրմամբ, որոնցով կարելի է առաջնորդվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակ, անկասկած, կնպաստեր մթնոլորտի բարելավմանը»: Այս մասին ИТАР-ТАСС-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


«Այս շաբաթվա վերջին Սոչիում նախանշված են մեր նախագահի առանձին հանդիպումները Հայաստանի նախագահի, այնուհետեւ՝ Ադրբեջանի նախագահի հետ, եւ երբ բոլորը միասին նույն ժամին կհայտնվեն նույն վայրում, հավանաբար, զրույցն առանց Լեռնային Ղարաբաղի թեմայի չի անցնի»,- կարծում է ռուսական դիվանագիտության ղեկավարը»:


«Իհարկե, Ադրբեջանից եւ Հայաստանից մեր գործընկերների հետ խոսելու ենք այն մասին, թե ինչպես կարելի է մեր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, համանախագահների կողմից օգնել, առաջին հերթին, ամրապնդել վստահությունը եւ նվազեցնել առճակատման վտանգը»,- հավելել է Լավրովը:


Նախարարը նաեւ ընդգծել է քաղաքական հայտարարության ընդունման անհրաժեշտությունը: «Այդ անելը դյուրին չէ: Այդ ուղղությամբ փորձեր ձեռնարկվել են բազմիցս, եւ ամեն անգամ թվում էր, թե արդեն մոտեցել ենք կարեւոր սահմանագծի, երբ համաձայնություն կլինի, բայց ինչ-որ բան խանգարել է: Այդ պատճառով կանխատեսումներ չեմ անի»,- հավելել է նա:


Սերգեյ Լավրովը նաեւ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ է համառորեն շարունակել օգնել հայերին եւ ադրբեջանցիներին՝ «այնպիսի ձեւակերպումներ գտնելու ուղղությամբ, որոնք հարմար կլինեն, թե՛ մեկի, թե՛ մյուսի համար»:

Նույն շարքից