Տնտեսություն 

Լավ կլինի` Փաշինյանի կառավարության ներկայացուցիչները բացահայտեն օտարերկրյա ներդրումների կտրուկ նվազման պատճառները. Քաղաքագետ

analitik.am

Իշխանությունների ՀՆԱ-յական էքստազը և իրականությունը:

Հայաստանի իշխանություններն ուղղակի էքստազահարվեցին Eurostat-ի հրապարակած այն տվյալներից, ըստ որի, 2019 թ-ի առաջին եռամսյակում Հայաստանը Եվրոպայի առաջատարն է ՀՆԱ-ի աճով. այն կազմել է 7,1 տոկոս...

Իշխանամետ մամուլը և կառավարության որոշ ներկայացուցիչներ ուղղակի տեղեկատվական տեռորի ենթարկեցին հասարակությանը` այս լուրը տարածելով... Այս "հիանալի" տեղեկությունն իր էջում տեղադրել էր նույնիսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը...

Ես ինքս էլ շատ ուրախացա, երբ այս լուրը կարդացի, բայց այդ ուրախությունս շատ կարճ տևեց... Հիմա բացատրեմ` ինչու... Պարզվում է, նույն Eurostat-ի տվյալներով 2018 թ-ի առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է 9,6 տոկոս ՀՆԱ-ի աճ... Այո՛, հենց այդպես... Հասարակության կողմից մերժված Սերժ Սարգսյանի կառավարությանը, ում նույն այդ ժամանակվա ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը և այլ ընդդիմադիրներ արդարացիորեն մեղադրում էին "թվային" մանիպուլյացիաների և անհասկանալի ձևով ստացված վիճակագրական տվյալներից օգտվելու մեջ, պարզվում է` նախահեղափոխական Հայաստանում ՀՆԱ-ի աճի ավելի բարձր տեմպեր է ապահովել, քան հետհեղափոխական իշխանությունները...

Փաշինյանը և նրա թիմը կատարում են գրեթե նույն սխալները, ինչ նախորդները, որոնց խիստ քննադատում էին... Օրինակ՝ ըստ իս, կեղծ և ոչնչով չհիմնավորված թվային մանիպուլյացիաների միջոցով փորձում են համոզել մարդկանց, որ ինչ-որ շոշափելի ձեռքբերումներ ունեն... Սակայն խնդիրն այն է, որ ինչպես նախորդների, այնպես էլ այս իշխանությունների օրոք այդ "ձեռքբերումները" չգիտես ինչու հասարակության լայն շերտերն իրենց գրպանի պարունակության վրա բացարձակ չեն զգում ու մարդկանց մոտ զայրույթ է առաջանում, երբ իրենց հետ խոսում են ինչ-ինչ մեթոդներով ձեռքբերված տվյալներով ու փորձում են համոզել, որ "մածունն իրականում սև է" և ժողովուրդը սխալ է` այն սպիտակ է, քանի որ իրենց կողմից հրամցված թվերն ապացուցում են, որ այն սև է...

Ի դեպ, լավ կլինի` պարոն Փաշինյանի կառավարության ներկայացուցիչները բացահայտեն օտարերկրյա ներդրումների կտրուկ նվազման պատճառները և համեմատություններ անեն մեր հարևանների ու հատկապես Ադրբեջանի հետ... Այսպես, համաձայն 2019 թ-ի առաջին եռամսյակի տվյալների` Հայաստանում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքային ծավալը կազմել է 8 միլիոն դոլարից մի փոքր ավելի, իսկ Ադրբեջանում՝ մոտ 809 միլիոն դոլար...

Քաղաքագետ Գագիկ Համբարյան

Նույն շարքից