Միջազգային 

Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է իրավիճակի սրմամբ. Պսակի

Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է շփման գծում բռնության սրմամբ, ինչը հուլիսի 31-ից հանգեցրել է զգալի զոհերի: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, ճեպազրույցի ընթացքում հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին:

 

 

Նա նաև ցավակցություն է հայտնել զոհվածների և վիրավորների ընտանիքներին՝ կոչ անելով կողմերին շուտափույթ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ և հարգել հրադադարի մասին համաձայնությունը: «Հակամարտությունը ռազմական լուծում չպետք է ունենա: Պատասխան քայլերն ու շարունակական բռնությունը միայն կբարդացնեն խաղաղ կարգավորման ձգտումը: Մենք՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, նախկինի պես հավատարիմ ենք կողմերին օգնել ղարաբաղյան հակամարտության ամուր կարգավորման ձեռքբերման հարցում», - հայտարարել է Պսակին:

Ի պատասխան հարցին՝ ԱՄՆ սատարո՞ւմ է, արդյոք, Ռուսաստանի միջնորդությամբ կազմակերպված նախագահների հանդիպումը, պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ «ԱՄՆ-ը ավանդաբար սատարում է այդ հարցերի շուրջ երկխոսության համար հանդիպումները»:

 

Նրա խոսքով՝ Ռուսաստանը նույնպես անհանգստություն է հայտնել բռնության վերջին սրման առիթով: Հարցին՝ կազմակերպվե՞լ է, արդյոք, այլ հանդիպում, այն տապալվե՞լ է, և մասնակցո՞ւմ է  արդյոք Մինսկի խումբը այդ բանակցություններին, Պսակին պատասխանել է. «Ես չգիտեմ, թե ինչ է պաշտոնապես ծրագրվել, կամ չի հայտարարվել: Ես կարող եմ ստուգել և տեսնել՝ եղե՞լ է, արդյոք, հանդիպում, որը ծրագրվել է նախկինում կամ ծրագրվում է  ապագայում: Հնարավոր է, դրանք պարզապես խոսակցություններ  են», - հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչը:

 

Նույն շարքից