Միջազգային 

ԵԱՀԿ ԽՎ-ն Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության կոչ է արել

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշը խորը անհանգստություն է հայտնել վերջերս շփման գծում եւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին բռնության դեպքերի առնչությամբ: Նա կողմերին կոչ է արել հավատարիմ մնալ խաղաղ կարգավորմանը:


«Անվտանգության պայմանների վատթարացումն ու իրավիճակի ներկա լարումը Լեռնային Ղարաբաղի շուրջ եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ աշխարհը չի կարող ընդունել հակամարտությունը, որը մնում է սառեցված ավելի քան 20 տարի: Բոլոր կողմերը պետք է ձեռնպահ մնան բռնության ակտերից եւ սադրանքներից, հատկապես քաղաքացիական անձանց նկատմամբ, եւ անհապաղ հաստատեն իրենց հավատարմությունը խնդրի կայուն, դիվանագիտական լուծմանը: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է դա սկսեն այս շաբաթ Սոչիում»,-հայտարարել է Սոարեշը:


Նա նաեւ կոչ է արել միջազգային հանրությանը եւ մասնավորապես ԵԱՀԿ-ին նորովի դիտել հակամարտությունը կարգավորելու ջանքերը եւ նոր գաղափարներ ու մեխանիզմներ դիտարկել, որոնք կարող են իրականացվել:


Ժոաո Սոարեշն ընդգծել է հայկական պատվիրակության մասնակցությունը Բաքվում ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի վերջերս կայացած նստաշրջանին եւ կոչ արել Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին աջակցել երկու երկրների կառավարությունների եւ հասարակության միջեւ խորհրդարանական եւ այլ ձեւաչափերի կապերին:

Նույն շարքից