Միջազգային 

Թոմաս դե Վաալն անդրադարձել է շփման գծում հրադադարի խախտման դեպքերին

Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ըՙ «Քարնեգի» հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը carnegie.ru կայքում անդրադարձել է վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած հրադադարի խախտման դեպքերին:

 

Այս տարի մի շարք գործոնների, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից շարունակվող սպառազինությունների մրցավազքի պատճառով իրավիճակն ավելի է վատթարացել, գրում է վերլուծաբանը:


Հայաստանն ավելի ռուսամետ ուղղություն է ստանձնում՝ հայտարարելով Մաքսային միությանը միանալու ցանկության մասին, իսկ Ադրբեջանն ավելի անապահով ու ագրեսիվ է թվում: Ադրբեջանում շարունակվում են մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների լայնածավալ հետապնդումները, գրում է Թոմաս դե Վաալը՝ խոսելով Արիֆ և Լեյլա Յունուսի մասին:


Թոմաս դե Վաալի խոսքով՝ հրադադարի խախտումների մեծ մասը համակարգված չէ, սակայն ավելի լուրջ դեպքերը չեն կարող տեղի ունենալ առանց քաղաքական համաձայնության: Ըստ նրա՝ շատ ավելի հավանական է, որ այս հարձակումները գալիս են Ադրբեջանի կողմից, որը հրաժարվել է առաջնագծից հեռացնել իր դիպուկահարներին:


«Որպես հակամարտության պարտվող կողմ՝ ադրբեջանցիները փորձում են մարտահրավեր նետել ստատուս քվոյին, մյուս կողմին նյարդայնացնել և հիշեցնել աշխարհին հակամարտության մասին: Դա ամենաճշմարտանման բացատրությունն է վերջին խոշոր բռնության դեպքերի համար»,- գրում է լրագրողը։


 Այնուամենայնիվ, դե Վաալը նշում է, որ այս շաբաթ հայերի կողմից հրապարակված առգրավված ռադիոտեխնիկայի լուսանկարները ենթադրում են, որ ադրբեջանական դիրքերի վրա հարձակվել են հայերը: Այսպիսով՝ դե Վաալը ենթադրում է, որ վերջին օրերի բռնությունը կարող է լինել ադրբեջանական բազմաթիվ փոքր հարձակումներին հաջորդած հայկական մեծ օպերացիայի կամ պատասխան օպերացիայի արդյունք:


Թոմաս դե Վաալը հիշեցնում է, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ հանդիպելու են Սոչիում, իսկ հանդիպման ժամանակ «Պուտինն, իհարկե, կունենա իր սեփական օրակարգը, որը կարող է լինել ինչքանով Ղարաբաղի, այնքանով էլ Ուկրաինայի մասին»: Առանց ավելի հիմնարար խաղաղ կարգավորման գործընթացի, բռնությունը շատ հնարավոր է՝ կրկին տեղի ունենա, եզրափակում է դե Վաալը:

Նույն շարքից