Միջազգային 

ՌԴ-ն կփակի իր օդային տարածքը Ուկրաինայի համար

Ռուսական ավիացիոն իշխանությունները կարող են դադարեցնել եվրոպական չարթերային թռիչքների մի մասը, փոփոխել անդրսիբիրյան երթուղիները եւ ուկրաինական ավիափոխադրողների համար փակել օդային տարածքը: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»--ը: Այդ գործողությունները «Դոբրոլյոտ» ավիաընկերության նկատմամբ Եվրամիության ընդունած պատժամիջոցների պատասխանն են:


ՌԴ տրանսպորտի նախարարությունում հաստատել են միջոցառումների քննարկման փաստը եւ հիշեցրել, որ համապատասխան հանձնարարությունը ստացվել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի կողմից:


Աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը մի շարք բեռնատար եւ ուղեւորատար ավիաընկերությունների չարթերային թռիչքների դադարեցման մասին է, որոնց թռիչքի թույլտվությունները ժամանակավոր հիմունքներով են տրամադրվել:


Անդրսիբիրյան երթուղիներով Ռուսաստանի օդային տարածքում ինքնաթիռների շարժման փոփոխությունները կհանգեցնեն թռիչքային ժամանակի ավելացմանը: Դա կհանգեցնի ավիափոխադրողների վնասների աճին՝ պայմանավորված չվերթում վառելիքի ծախսումների եւ անձնակազմ աշխատավարձի բարձրացումներով: Այսպիսով, եվրոպական փոխադրողներն ասիականների համեմատությամբ կկորցնեն իրենց մրցունակությունը:


Օգոստոսի 4-ին «Դոբրոլյոտը» դադարեցրել է բոլոր թռիչքները՝ չեղարկելով Boeing-737-800 օդանավերի լիզինգի պայմանագրերը: «Դոբրոլյոտը» նույնպես հայտնվել է ԵՄ-ի «սեւ ցուցակում», քանի որ վերջինս իրականացնում էր Մոկսվա-Սիմֆերոպոլ չվերթը:

Նույն շարքից