Միջազգային 

ԱՄՆ կոնգրեսականները զսպվածության կոչ են արել հրադադարի ռեժիմը խախտող Ադրբեջանին

Միացյալ Նահանգների օրենսդիրներն, արձագանքելով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրացմանը, զսպվածության կոչ են արել հակառակորդին:


«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ կոնգրեսական Բրեդ Շերմանն իր վրդովմունք է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենայի վրա կրակոցների և ադրբեջանական դիպուկահարների հարձակումների կապակցությամբ:


«Խորապես վշտացած եմ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի սահմանին բռնությունների ակտիվացման, հայ և ադրբեջանցի զինծառայողների մահվան մասին վերջին հրապարակումներով: Ցնցված եմ` իմանալով Հայաստանի սահմանամերձ գյուղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների վրա Ադրբեջանի հարձակման և դիպուկահար օգտագործելու Բաքվի որոշման մասին: Անկեղծորեն հույս ունեմ, որ Ադրբեջանն այսուհետ ձեռնպահ կմնա դիպուկահարի հարձակումներից` փոխարենը հանձն առնելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններ վարելու գործը` հակամարտությանը խելամիտ լուծում տալու համար»,- ասել է Բրեդ Շերմանը:

 

Ադրբեջանական ագրեսիան կանգնեցնելու կոչով է դիմել նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը: «Պետք է վերջ տալ ադրբեջանցիների ագրեսիային Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ, վերականգնել հրադադարը, կրկնապատկել խաղաղությանը հասնելու ջանքերը: Բաքվի ռազմատենչ կեցվածքը պետք է դատապարտվի»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է կոնգրեսականը:

Նույն շարքից