Հուլիսի 31-ից օգոստոսի 5-ը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում հայ դիրքապահների դեմ անընդհատ իրագործած դիվերսիոն գործողություններում անհաջողության մատնված և մեծ թվով զինծառայողներ կորցրած Ադրբեջանի զինված ուժերի գերագույն հրամանատար Իլհամ Ալիևը վերջապես դուրս է եկել ամոթալի շոկից և այցելել Գուզանլը, որն ադրբեջանցիները համարում են նախկին Աղդամի շրջկենտրոն` հանդիպելու այնտեղ տեղակայված «հերոս» զորամասերի անձնակազմի հետ և քաջալերելու նրանց:
Բանակում մեկ օր անգամ չծառայած` տարօրինակ ուսադիրներով զինվորական հագուստով Ալիևը, ում հրամանով կատարված դիվերսիաների ժամանակ ադրբեջանցի զինծառայողները խայտառակ պարտություն կրեցին, ոչ ավել ոչ պակաս հայտարարել է, որ «Ադրբեջանն այսօր ունակ է ոչնչացնել Լեռնային Ղարաբաղում ցանկացած օբյեկտ, և միայն Բաքվի կողմից անցկացվող քաղաքականության շնորհիվ է, որ տարածաշրջանում դեռևս խաղաղություն է պահպանվում» (virtualaz.org): Պարտված զինվորների առաջ ելույթում Ալիևը կրկնել է 20 տարի շարունակ ինչ-որ հողեր «ազատագրելու» մասին Բաքվի կողմից հնչեցվող հռետորաբանությունը, ծեծված արտահայտություններ արել և ասել, թե «ադրբեջանցի զինվորի հայրենասիրական զգացմունքը գտնվում է բարձր մակարդակի վրա»:
Ալիևը կրկին խոսել է իր բանակի համար ձեռք բերած արդիական զինտեխնիկայի և սպառազինության մասին, որի մի մասը, ինչպես ամբողջ աշխարհը տեսավ, վերջին օրերի իրադարձություններում հայտնվեց հայ զինվորների ձեռքում:
Ալիևի այդ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան սեփական հանրությանը հիմարացնելու ճանապարհով տարածաշրջանի «ամենահզոր» հորջորջվող սեփական բանակի անճարակությունը պարտակելու փորձ:
Ակնհայտ է, որ Սոչի մեկնելուց առաջ նախաձեռնած դիվերսիոն գործողություններով, որոնցում նա հույս ուներ հաջողություն գրանցել, Ալիևը փորձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հնարավոր հանդիպմանը մեկնել հաղթողի կերպարանքով, սակայն, հայկական ուժերի արժանի պատասխանի արդյունքում տապալվել է: Սոչիում Ալիևը ստիպված է լինելու բանակցություններ վարել դարձյալ պարտվողի դիրքերից: Ղարաբաղյան ճակատում վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանն ի վիճակի չէ իր այդ խայտառակ բանակով Ղարաբաղը վերադարձնել ռազմական ճանապարհով:
Ի դեպ, Ակներ (Աղդամ) կատարած այցի վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների բերած բոլոր լուսանկարներում Ալիևը դեմքի արտահայտությունը սարսափած և ընկճված է: