Միջազգային 

Ադամ Շիֆը՝ Սոչիում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

analitik.am

Սոչիում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ արդյունքի հասնելու համար նախագահ Ալիևը պետք է կտրուկ փոխի վերջին շրջանում արված ռազմատենչ հայտարարությունների տոնայնությունը:


Նման կարծիք է հայտնել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը` անդրադառնալով հուլիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրացմանը:


«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն երկու տասնամյակ ապրել է Ադրբեջանի մշտական սպառնալիքների և դիպուկահարների կրակի տակ: Այդ երկիրը ձգտում է իր ձեռքը վերցնել վերահսկողությունը գերազանցապես հայերով բնակեցված տարածաշրջանի վրա: Անցած շաբաթ ադրբեջանական զորքերը կրկին հարձակում են գործել շփման գծում` կորուստներ պատճառելով երկու կողմերին էլ: Բռնության այս վերջին ակտը պետք է խստագույնս դատապարտվի»,- նշել է ԱՄՆ օրենսդիրը` հավելելով, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը կասեցնելու սպառնալիքով պետք է կոչ անի ադրբեջանական կառավարությանը հետ կանչել իր զորքերը դիպուկահարներին:

 

Շիֆն ընդգծում է, որ ադրբեջանական բռնապետությունից ազատագրվելուց ի վեր Արցախի ժողովուրդը իր հայրենիքում ձգտել է կառուցել ժողովրդավար պետություն և շուկայական տնտեսություն: Հակառակ դրան` պաշտոնական Բաքուն պատասխանել է նավթադոլարներով ֆինանսավորված ռազմական ուժով և ռազմատենչ հռետորաբանություններով` սեփական քաղաքացիներին սերմանելով հայերի արյան ծարավը, որի հետևանքն էր 2012 թվականին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի ժամանակ հայ սպայի դաժան սպանությունը:

 

«Այժմ ժամանակն է, որ Մինսկի խումբն իր դիրքն ամրապնդի այս երկարատև և գնալով ավելի վտանգավոր դարձող հակամարտությունում: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի իրնքնուրույն որոշել իր ապագան` ազատ ադրբեջանական սպառնալիքներից և բռնությունից, նրանք նաև իրավունք ունեն ապրել ազատ` առանց թիկունքից դիպուկահարի գնդակից խփվելու վախի»,- շեշտել է կոնգրեսականը:

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու կոչով է հանդես եկել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն:


«Խորապես մտահոգված եմ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին ուղղված բռնության դեպքերով: Հակամարտության տևական լուծումը պահանջում է խաղաղություն և դիվանագիտություն»,- Թվիթերում գրել է նա:

 

Կոնգրեսական Չուն միացել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախաձեռնած #StopAliyev արշավին, որը մեկնարկել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիան կանգնեցնելու նպատակով:

Նույն շարքից