Միջազգային 

Պուտինը Սոչիում հանդիպել է Ալիևի հետ (Խոսակցությունն ամբողջությամբ)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 9-ին Սոչիի նախագահական նստավայրում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:


Ներկայացնում ենք խոսակցությունն ամբողջությամբ.


Վ. Պուտին- Հարգարժան Իլհամ Ալիեվ, հարգարժան ընկերներ և գործընկերներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեզ Ռուսաստանում: Շատ շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը: Մենք բազմաթիվ երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր ունենք: Փառք Աստծո, որ մեր հարաբերությունները զարգանում են. Մենք կանոնավոր կերպով կապ ենք պահպանում ինչպես մեր, այնպես էլ Կառավարությունների մակարդակով: Զարգանում են տնտեսական, մարդասիրական կապերը, նաեւ ակտիվորեն համագործակցում ենք մի շարք այլ ուղղություններով: Մի խոսքով, դա վստահության տարր է, որը մշտապես ամրապնդվում է մեր երկկողմանի կապերի շնորհիվ, և մենք շատ ուրախ ենք դրա համար: Ամենայն հավանականությամբ,  կխոսենք նաեւ ցավոտ, հնացած խնդիրների շուրջ, որոնք վերաբերում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:


Մենք շատ ուրախ ենք Ձեզ տեսնել: Բարի գալուստ:

 

 

Ի. Ալիեվ- Շնորհակալություն, հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչ, շնորհակալություն հրավերի համար: Հաճույքով նորից այցելում եմ  Ռուսաստան և ուրախ եմ, որ  նորից հնարավորություն ունեմ հանդիպել և անդրադառնալ մեր ընդարձակ  հարաբերություններին: 

 

Երկու երկրների միջեւ դրական առաջընթաց է նկատվում՝ մեր հարաբերությունների զարգացման  հաստատուն, երկարամյա, դրական առաջընթաց: Մենք դա գնահատում ենք  եւ Ռուսաստանին դիտարկում ենք որպես մեր հիմնական գործընկերներից մեկը միջազգային ասպարեզում: Մեր համագործակցությունը  բազմաթիվ ոլորտներ է ընդգրկում՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական: Ապրանքաշրջանառությունն աճում է. անցյալ տարի աճել է, այս տարի նույնպես աճ ենք նկատում: Փոխադարձ ներդրումներն արդեն զգալի ծավալներ են կազմում: Բնականաբար դա նոր առաջընթաց է տալիս մեր հարաբերություններին: 


Ադրբեջանում  ջերմությամբ են հիշում  Ձեր անցյալ տարվա այցը, որը շատ հաջող անցավ, և ես մտածում եմ, որ այն լրջորեն նպաստեց մեր հարաբերությունների զարգացմանը: Մենք վճռական ենք տրամադրված համագործակցությունը խորացնելու հարցում:


Եվ, իհարկե, մեր տարածաշրջանային անվտանգության և անկայունության հարցերը խնդիրներ են, որոնք մշտապես մեր օրակարգում են: Մենք, իհարկե, կքննարկենք հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցը,որն արդեն շատ ձգձգվեց և լուծում է պահանջում:


Եվս մեկ անգամ շնորհակալություն հյուրընկալելու համար:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Սոչիում նախանշված է նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

 


Նույն շարքից