Օգոստոսի 10-ին ժամը 08:00-ից սկսած Թուրքիայում կանցկացվեն նախագահական ընտրություններ:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը այս ընտրությունները բացառիկ են Թուրքիայի համար, քանզի առաջին անգամ ընտրությունները կընթանան ուղղակի քվեարկության միջոցով: Թուրքիայի հիմնադրման օրվանից պետության ղեկավարն ընտրվել է պառլամենտի կողմից:
Թուրքիայում ընտրելու իրավունք ունի մոտ 52,5 մլն. մարդ:
Ընտրություններին մասնակցում է երեք թեկնածու՝ իշխող կուսակցության նախագահ, վարչապետ Թայիփ Էրդողանը, ընդդիմության միասնական թեկնածու Էկմելեդդին Իսհանօղլին և Սելյահաթին Դեմիրտաշը:
Հասարակության շրջանում երեք թուրքական գործակալությունների կողմից անցկացված հարցումների համաձայն նախագահական ընտրություններում կհաղթի Էրդողանը՝ հավաքելով ընդհանուր ձայների 55-57%-ը, Իսհանօղլուն սատարում են հարցվածների 34%-ը, իսկ Դեմիրտաշին էլ՝ 9-10%-ը: Առաջին փուլով հաղթանակ տանելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 51%-ից ավելին, հակառակ դեպքում ընտրությունները կանցնեն երկու փուլով:
Որոշ վերլուծաբաններ, սակայն, համաձայն չեն նման կանխատեսումների հետ: Էրդողանի դիրքերը միանշանակ ամուր են, սակայն ընդդիմության կեցվածքը հիշեցնում է 1980-ի զինվորական հեղափոխությունը, երբ քաղաքական հարթակում հայտնվեց Տուրգուր Օզալի կուսակցությունը և անսպասելիորեն հաղթեց պառլամենտական ընտրություններում: Արդյունքում Օզալն ընտրվեց նախագահ:
Հաղթելու դեպքում Էրդողանը կարող է կառավարման ձևը փոխել՝ խորհրդարանական ձևը փոխարինել նախագահականով կամ խառը տիպի կառավարման ձևով: Ներկայումս Թուրքիայում նախագահի լիազորությունները սահմանափակված են և մեծ մասամբ ֆորմալ բնույթ են կրում: Էրդողանի համար նախագահի պաշտոնը գոյություն ունեցող օրենսդրության սահմաններում միակ օրինական ձևն է մեծ քաղաքականության մեջ մնալու համար: Նա երեք անգամ անընդմեջ եղել է իշխող կուսակցության նախագահ և վարչապետ՝ թույլատրված ժամկետի առավելագույն չափով: