Միջազգային 

Ղրղզստանին Մաքսային Միություն մտնելու համար 100 մլն դոլար կհատկացվի

analitik.am

Ղազախստանը համաձայնել է 100 մլն դոլար հատկացնել Ղրղզստանին Մաքսային միությանը միանալու համար՝ Ճանապարհային քարտեզի իրացման նպատակով: Գումարը կուղղորդվի հանրապետությունում  գյուղատնտեսությունը  եւ անասնաբուծությունը զարգացնելուն: Այդ մասին հաղորդել է Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Դանիլ Իբրաեւը:


Այդ գումարով Ղրղզստանը պետք է գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման լաբորատորիաներ ստեղծի, ինչպես նաեւ կատարելագործի ՄՄ երկրներ արտահանման ենթակա արտադրանքի սերտիֆիկացման բազան, հաղորդում է Tengrinews.kz-ը:


Մաքսային միությանը միանալուց առաջ Ղրղզստանը պետք է 102 նորմատիվ-իրավական ակտ օպտիմալացնի: Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում նշել են, որ արդեն այս տարվա աշնանը բոլոր փաստաթղթերը պատրաստ կլինեն:


Ներկայումս Ղրղզստանը, չի կարող Մաքսային միության երկրներ մսային արտադրանք արտահանել, ինչը կապված է 2005թ. Ղազախստանի կողմից մտցված արգելքի հետ: Մաքսային միության երկրներին կաթնամթերք կարող են վաճառել միայն մի քանի ղրղզական ձեռնարկություններ:


Ինչպես հաղորդվել է, Ղրղզստանը ակնկալում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը 2014թ. վերջին:

Նույն շարքից