Միջազգային 

Չի բացառվում, որ Պուտինի մաքսիմումը նոր ֆորմատի ձևավորումն է. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Սոչին, անկասկած, ավելի շատ նոր, քան հերթական հանգրվան է։ Խնդիրը հասկանալն է, թե ինչի հետ գործ ունենք՝ նոր բանակցային՝ Մինսկի խմբին զուգահեռ և աստիճանաբար խումբը դուրս մղող, այսինքն՝ ֆորմատի փոփոխության տանող գործընթացի՞ հետ, որ նախաձեռնում է Ռուսաստանը, թե՞ ընդամենը բանակցային գործընթացում աշխուժանալու փորձերի միջոցով Արևմուտքի հետ, այսպես ասած, առևտրի նախադրյալներ և գործիքներ ստանալու փորձի հետ, որ կիրառում է Պուտինը ներկայիս Արևմուտք-Ռուսաստան լարվածության, Ռուսաստանի տոտալ մեկուսացման քաղաքականության ֆոնին։

 

Չի բացառվում, որ Պուտինի մաքսիմումը նոր ֆորմատի ձևավորումն է, իսկ մինիմումը՝ Արևմուտքի հետ քիչ թե շատ հաջող առևտուր անելը։
Ակնհայտ է, որ եթե բանակցային գործընթացը սկսի տեղավորվել մեկ տերության միանձնյա թելադրանքի շրջանակում, հատկապես Ռուսաստանի, որի համար կովկասյան տարածաշրջանն ու ղարաբաղյան խնդիրը  դարձել են Արևմուտքի դեմ շանտաժի հարմար տարածք, ապա, չնայած Սոչիից հետո ենթադրվող կայունությանը, ապակայունացման հավանականությունն է ավելի մեծանում, ինչը չի բխում Հայաստանի շահերից։

 

Հետևաբար՝ Հայաստանի շահերից բխում է անել ամեն ինչ Մինսկի խմբի ֆորմատի եթե ոչ բացառիկությունը, ապա գերազանցությունն ու գերակայությունը պահելու համար։ Եվ այս հարցում պետք է անմիջական ու գործնական շահագրգռություններ ցուցաբերեն նաև մյուս երկու համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան»:

 

Նույն շարքից