Միջազգային 

Ժիրինովսկու սպառնալիքների պատճառով Լեհաստանում ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ

analitik.am

Լեհաստանի ԱԳՆ-ն  կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկու՝ այդ պետությունը ոչնչացնելու սպառնալիքների հետ կապված: Այս մասին հայտնում է Rzeczpospolita թերթը՝ վկայակոչելով Լեհաստանի արտգործնխրար Ռադոսլավ Սիկորսկուն: «Մենք այսօր ՌԴ դեսպանին հրավիրել ենք ԱԳՆ եւ հարցրել ռուսական իշխանությունների դիրքորոշման մասին: Ժիրինովսկին ընդդիմության ներկայացուցիչ է: Մենք պետք է մեր բողոքը հայտնեինք այդ սկանդալային խոսքերի  կապակցությամբ», - հայտարարել է Սիկորսկին:


Նա հավելել է, որ չի կարող մեջբերել դեսպանի հետ զրույցի բովանդակությունը: Բայց ընդգծել է, որ այդ զրույցի փաստն իհարկե նկատվել է ռուսական իշխանությունների կողմից:


 «Ռոսիա-24»-ի հետ զրույցում Ժիրինովսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ զինված հակամարտության դեպքում Լեհաստանն ու բալթյան երկրները կոչնչանան: «Մերձբալթիկան, Լեհաստանն ընդհանրապես դատապարտված են: Դրանք կսրբվեն երկրի երեսից: Թող նրանք խորհեն՝ այդ գաճաճ պետությունների ղեկավարները, թե ինչպես են իրենց ներկայացնում: Մեղավորը միայն նրանք են, որովհետեւ մենք չենք կարող թույլ տալ, որ նրանց տարածքից Ռուսաստանի կողմն ուղղված հրթիռներ, օդանավեր թռչեն», — հայտարարել է քաղաքական գործիչը:


Այդ նույն  հարցազրույցում Ժիրինովսկին հայտարարել էր, որ երրորդ համաշխարհային սկսելու մասին որոշում կարող է ընդունել միայն Վլադիմիր Պուտինը: Եվ այդ որոշումն արդեն կայացված է: Պետդումայի էթիկայի հանձնաժողովի ներկայացուցիչները խոստացել են քննել փոխխոսնակի խոսքերը, փոխանցում է lenta.ru-ն:

Նույն շարքից