Միջազգային 

Ռուսաստանը շահագրգռված չէ պատերազմի հարցում. Սթիվեն Բլանկ

analitik.am

Երևում է՝ Սոչիի հանդիպումը արդյունք տվեց և հանգեցրեց երկու կողմերից բռնության նվազմանը, ինչն արդեն լավ է: Այս մասին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության խորհրդի ավագ հետազոտող Սթիվեն Բլանկը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:

Ըստ նրա՝ այդ հանդիպումից ոչ ոք իրական առաջխաղացում չէր ակնկալում. «Ես ավելի քիչ սպասելիքներ ունեի, քանի որ Ռուսաստանը խաղաղության հարցում շահագրգռված չէ:  Ոչ ոք այևւս ակտիվ դեր չի խաղում, այդ պատճառով  էլ երկու երկրների կառավարությունների վրա խաղաղության հասնելու համար արտաքին ճնշումներ չկան»,- կարծում է  Բլանկը:

Ըստ նրա՝ Ռուսաստանը շահագրգռված չէ նաև պատերազմի հարցում: «Այն վերահսկելի լարվածություն է ցանկանում: Այսպես, Ռուսաստանը զենք է վաճառում և Հայաստանի, և Ադրբեջանին՝ Հայաստանի տարածքում ունենալով զորքեր: Չլուծված հակամարտությունը Մոսկվային հնարավորություն է տալիս տարածաշրջանում գերիշխող ուժ մնալու»:

Խոսելով վերջին օրերին շփման գծում լարվածության սրացման մասին՝ Բլանկն ասել է, որ միջադեպերի և նույնիսկ պատերազմի կրկնության հավանականությունը բավական բարձր է:  «Երկու կողմերն էլ զինվում են: Պատերազմի դեպքում կպարտվեն և Հայաստանը, և Ադրբեջանը: Միակ հաղթողը Մոսկվան կլինի: Ռուսաստանը ցանկացած պահի ուղղակի կամ սպառնալիքների ճանապարհով կմիջամտի և այս երկրները կքաշի իր ուղեծիր, այդ պատճառով էլ հիմնախնդիրը պետք է լուծվի որքան հնարավոր է արագ»:

Ղարաբաղում լարվածության սրացումն ուղեկցվում է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ակտիվիստներին լայնորեն ճնշելով: Ոստիկանությունը ձերբակալել է մի քանի հայտնի իրավապաշտպանների: Այս ամենն ի՞նչ ազդեցություն կունենա Արևմուտքի հետ հարաբերությունների վրա: Պատասխանելով հարցին՝ Բլանկը նշել է, որ դա կփչացնի Արևմուտքի հետ Ադրբեջանի հարաբերությունները: 

«Վաշինգտոնում շատերն են Ադրբեջանը Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող և ԱՄՆ-ի համար ոչ մի նշանակություն չունեցող բռնապետություն համարում: Այստեղ նաև ԱՄՆ-ի մեղքը կա: Մենք պետք է լուրջ ընդունենք Ադրբեջանի անվտանգության շահերը, մասնավորապես՝ Ղարաբաղի խնդիրը: Եթե ցանկանում ենք, որպեսզի Ադրբեջանում դադարեն ակտիվիստների և իրավապաշտպանների ձերբակալությունները, ինչպես նաև բարելավի քաղաքական մթնոլորտը, ապա պետք է Ադրբեջանի հետ քննարկենք ոչ միայն մարդու իրավունքները, այլև երկրի անվտանգության հարցեր: Միայն այս դեպքում  նրանք մեզ կլսեն», - կարծում է Սթիվեն Բլանկը:

Նույն շարքից