Միջազգային 

Բաղդադն ԱՄՆ-ից խնդրել է ընդլայնել ռազմական գործողությունն Իրաքում

analitik.am

Իրաքի կառավարությունն ԱՄՆ-ից խնդրել է ավելացնել երկրի տարածքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների դիրքերին հարվածների թիվը։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրաքի մշտական ներկայացուցիչ Մուհամմադ Ալի ալ Խակիմը։

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ավիահարվածները «վճռորոշ ազդեցություն» են ունեցել խմբավորման պոտենցիալի վրա և ճնշել են նրանց առաջխաղացումը։ «Այնպես որ մենք խնդրում ենք ԱՄՆ-ին շարունակել, մենք խնդրում ենք ավելացնել թիրախների թիվը։ Դա շատ կարևոր է մեզ համար»,-ասել է դիվանագետը։

 

Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանն ընդլայնել բնակչությանն ուղղված մարդասիրական օգնության ծավալները։ «Դա խիստ անհրաժեշտ է, իրավիճակն աղետալի է, հատկապես այն շրջաններում, որտեղ հավաքված են բազմաթիվ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ Սինջար լեռան վրա»,-ասել է նա։

 

Ի դեպ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ուրբաթ ընդունել է բանաձև, որը պատժամիջոցներ է սահմանում Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորումների գործունեության հետ կապ ունեցող 6 անձանց նկատմամբ։

Փաստաթուղթը նաև պահանջում է խմբավորումներից վայր դնել զենքը։

Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումն Իրաքում գրավել է մի շարք տարածքներ։

Նույն շարքից