Միջազգային 

ԱՄՆ Պետքարտուղարությունը խորապես մտահոգ է Կարեն Պետրոսյանի մահվան միջադեպով

analitik.am

ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի կապակցությամբ:

 

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության տեղեկացմամբ, ամերիկյան արտաքին գերատեսչությունը հաղորդագրության մեջ նշել է, որ խորապես մտահոգ է տեղի ունեցածի կապակցությամբ: «Միացյալ Նահանգները խորապես մտահոգ է Ադրբեջանում գերության մեջ հայտնված Կարեն Պետրոսյանի մահվան վերաբերյալ տեղեկատվությամբ և այն հիմնավորումներով, որ նրա մահն առաջ է եկել ոչ բնական ճանապարհով: Միացյալ Նահանգներն իր խորը ցավակցությունն է հայտնում Պետրոսյանի հարազատներին»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Հայտարարության մեջ Պետքարտուղարությունը նաև Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել իրականացնել միջադեպի խորը և թափանցիկ հետաքննություն և հանրությանը ներկայացնել արդյունքները, ինչպես նաև կողմերին կոչ է արել հարգելու միջազգային հումանիտար օրենսդրությունը և Կարմիր Խաչին հնարավորություն տալ տեսակցելու հակամարտության արդյունքում գերության մեջ հայտնված քաղաքացիներին:

 

Նշենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանն ադրբեջանական գերության  մեջ հայտնվել էր օգոստոսի 7-ին, օգոստոսի 8-ին  ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, որ հայ երիտասարդը «հանկարծակի» մահացել է «սուր սրտանոթային անբավարարությունից»:

 

Նույն շարքից