Իտալական կողմը՝ համահունչ իր ավանդական դիրքորոշմանը և ներդաշնակ Եվրոպական Միության դիրքորոշման հետ, անհրաժեշտ է համարում վերահաստատել, որ պետք է կենտրոնանա հակամարտության խաղաղ կարգավորման վրա՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ ակտի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի վրա:
Իտալիայի Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը՝ ստորև։
Հուլիսի 14-ին, Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի Հռոմ այցելության կապակցությամբ, Իտալիան և Ադրբեջանը պայմանավորվել էին ընդունել համատեղ հայտարարություն՝ նպատակ ունենալով ավելի ամրապնդել երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում և համագործակցության նոր հորիզոններ բացահայտել, ներառյալ քաղաքացիական հասարակության ընդգրկման միջոցով:
Նման բազմաբնույթ համագործակցության մեջ ներառվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի, (որի անդամ է Իտալիան և անվերապահ կիսում ու աջակցում է սկզբունքներին) համանախագահների հովանու ներքո ընթացող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանձնառությունը:
Իտալական կողմը՝ համահունչ իր ավանդական դիրքորոշմանը և ներդաշնակ Եվրոպական Միության դիրքորոշման հետ, անհրաժեշտ է համարում վերահաստատել, այդ թվում՝ Համատեղ հայտարարության համատեքստում, որ Հռոմի և Բաքվի փոխադարձ հանձնառությունը պետք է կենտրոնանա հակամարտության խաղաղ կարգավորման վրա՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ ակտի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի վրա:
Իտալիան, նկատի ունենալով վերջին զարգացումները, խորապես մտահոգված է այն միջադեպերով, որ վերջերս տեղի են ունեցել տարածաշրջանում և, սերտ համագործակցությամբ ԵՄ գործընկերների հետ, խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, ինչպես նաև օգտվել նախագահ Ալիևի և նախագահ Սարգսյանի օգոստոսի 10-ին Սոչիում հանդիպման հնարավորությունից հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու նպատակով: