«Հայերը սարսափ ու բարկություն են ապրում, երբ տեսնում են եզդիների ու քրդերի դեմ կիրառվող բռնությունները»,- հայտարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը: Այս մասին գրում է «Nouvelles d'Armenie»-ն:
Թորանյանը ելույթ է ունեցել օգոստոսի 16-ին՝ Փարիզում Ֆրանսիայի քրդական միավորումների ֆեդերացիայի կազմակերպած ցույցի ժամանակ, որտեղ ցուցարարները «Մենք բոլորս եզդի ենք», «Տագնապ՝ ցեղասպանություն է», «Ազատ արձակեք Օջալանին» կարգախոսներ են հնչեցրել:
Բերիվան Աքյոլը, ով Քրդական աշխատավորական կուսակցության՝ 2013 թվականի հունվարի 9-ին սպանված երեք ակտիվիստների մտերիմներից է, միջազգային հանրությանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել «Իրաքի և Լևենտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորմանն աջակցող պետությունների դեմ: Աքյոլը նաև հավելել է, որ Արևմուտքը՝ ներառյալ ԱՄՆ-ը, պետք է հնարավորինս արագ արձագանքի:
Թորանյանն իր հերթին կոչ է արել հիշել ասորիների, հայերի, պոնտոսցի հույների, եզդիների, ալևիների ու քրդերի ճակատագրի մասին, որոնց հետապնդում են տարբեր երկրներում: Եզրափակելով՝ Թորանյանը հայ համայնքին հորդորել է պաշտպանել Ֆրանսիայի քրդական միավորումների ֆեդերացիայի կոչը՝ «հանուն ընդհանուր արժեքների, որոնք պետք է գերակայեն կաստայական նախապաշարմունքների նկատմամբ»: «Այո, մենք պաշտպանում ենք ձեզ ձեր պայքարում: Քանի որ դուք՝ մենք ենք, և քանի որ մենք անհանգստանում ենք տարածաշրջանի համար, որի հետ այդքան սերտ կապված ենք»,- հայտարարել է Թորանյանը: