ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Մասաչուսեթսի 5-րդ վարչական շրջանը ներկայացնող Քեթրին Քլարքը դեմ է հանդես եկել Ադրբեջանի աճող ագրեսիային:
Կոնգրեսականը, մասնավորապես, հայտարարել է. «Ես խորապես մտահոգված եմ վերջերս Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի, ինչպես նաև Կարմիր Խաչի պատվիրակության և հայ քաղաքացիական անձանց վրա դիպուկահարների կրակի մասին հաղորդագրություններով: Չափազանց երկար ժամանակ է, ինչ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապրում է ադրբեջանական ագրեսիայի մշտական սպառնալիքի ներքո»:
Ըստ նրա՝ բռնությունների այս արշավը խախտում է երկարատև զինադադարը և հանգեցնելու է միայն լրացուցիչ զոհերի:
«Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը կարողացել է ստեղծել կենսունակ ժողովրդավար հասարակություն՝ հակառակ բոլոր դժվարությունների, և ես սատարում եմ նրանց Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու հարցում»,- ասել է նա:
Այս առիթով կոնգրեսականին իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը: