Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը և ևս 15 խոշոր գործարարներ Ռուսաստանից, Արևմուտքից և Ուկրաինայից, այդ թվում՝ Forbes-ի ցուցակից, կոչ են արել կառավարություններին շուտափույթ լուծել Ուկրաինայի ճգնաժամը, որը, իրենց խոսքով, լուրջ վտանգ է ներկայացնում համաշխարհային տնտեսության համար: Նրանք նաև օգնելու պատրաստակամություն են հայտնել, գրում է comments.ua-ն։
Այդ մասին ասվում է Բրենսոնին պատկանող Virgin ընկերության կայքում։
«Որպես Ռուսաստանից, Ուկրաինայից և արևմտյան երկրներից գործարար հանրության անհանգստացած առաջնորդներ՝ մենք կոչ ենք անում մեր կառավարություններին գնալ փոխզիջման և խաղաղ լուծում գտնել ճգնաժամի համար։ Եթե մենք կարող ենք օգնել այդ գործընթացին, մենք երջանիկ կլինենք»,- ասվում է հաղորդագրությունում։
Բացի ռուս և ուկրաինացի գործարարներից, փաստաթուղթը ստորագրել են նաև Unilever ընկերության գլխավոր տնօրեն Փոլ Փոլմանը, eBay-ի համահիմնադիր Ջեֆրի Սքոլը, Tata Group-ի տնօրենների խորհրդի նախագահ Ռաթան Տատան, WhatsApp-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Յան Կումը և Paypal-ի համահիմնադիր Մաքս Լևչինը։