Միջազգային 

Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են պաշտպանունակությունն ամրապնդելու մասին պլան մշակել. Իրակլի Ալասանիան

analitik.am

Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են պաշտպանունակությունն ամրապնդելու մասին պլան մշակել, հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, գրում է Грузия Online-ը:

 

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ այդ երեք պետությունները, որոնք իրականացնում են ռազմավարական նշանակության համատեղ նախագծեր, միակարծիք են այն հարցում, որ ճգնաժամային իրավիճակում այդ ենթակառուցվածքը հարկավոր է պաշտպանել:

 

«Դա նաև Եվրոպայի և ՆԱՏՕ-ի շահերից է բխում, քանի որ հենց այդ տարանցիկ ճանապարհն է օգտագործվում Աֆղանստան դաշինքի բեռների տեղափոխման համար: Տարանցումը մեծ նշանակություն ունի նաև անվտանգության ապահովման տեսանկյունից, առավելևս՝ Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների ֆոնին»,- ասել է Ալասանիան:

 

«Այդ երեք պետությունների կառավարությունների ներկայացուցիչները սկսում են մտածել պաշտպանունակությունն ամրապնդելու վերաբերյալ պլան մշակելու մասին: Բացի այդ, անհրաժեշտ է ընդգծել, որ այդ գործողություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»,- նշել է Ալասանիան:

 

Հիշեցնենք, որ օրերս երեք երկրների պաշտպանության նախարարները հանդիպել էին Նախիջևանում: Հանդիպման ընթացքում կարծիքներ էին փոխանակվել տարածաշրջանի ռազմաքաղաքական և անվտանգության իրավիճակի շուրջ:

Նույն շարքից