Միջազգային 

ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Ռուսաստանի մասնակցությունը «աննպատակահարմար» է ճանաչվել

analitik.am

Ուելսում ՆԱՏՕ-ի սեպտեմբերի 4-5-ի գագաթաժողովն այսպես թե այնպես կվերաբերի Ռուսաստանին, սակայն այդ երկրի ներկայացուցիչներին այս անգամ նիստին չեն հրավիրել, գրում է «Կոմերսանտը»՝ հավելելով, որ գագաթաժողովի առաջին օրը նշանակված է ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստը` նախագահ Պյոտր Պորոշենկոյի մասնակցությամբ:


Դաշինքի գլխավոր գրասենյակի աղբյուրները թերթին ասել են, որ Ուելսի գագաթաժողովին Ռուսաստանի մասնակցությունը «աննպատակահարմար» է ճանաչվել: Մինչդեռ, ըստ թերթի ռուսական դիվանագիտական շրջանակների զրուցակցի, «ներկայիս պայմաններում Մոսկվայում հրավերի չեն էլ սպասել»:


ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հինգ գլխավոր թեմաների ցուցակը հրապարակվել է անցյալ շաբաթ: Առաջին, խոսվելու է «հավաքական պաշտպանությունն ուժեղացնելու հարցում դաշինքի պատրաստակամության մասին»: Երկրորդ, գագաթաժողովը պետք է «ներկայացնի տրանսատլանտյան վճռականությունը և ընդգծի պաշտպանության վրա համապատասխան ծախսերի կարևորությունը»: Երրորդ, Ուելսում ծրագրվում է քննարկել «ՌԴ-ի հետ հարաբերությունները և Ուկրաինայի հետ կապերի ամրապնդումը»: Օրակարգի չորրորդ կետը. «ՆԱՏՕ-ի դաշնակցային հարաբերությունների ամրապնդումըև բաց դռների քաղաքականության շարունակումը»: Եվ, վերջապես, հինգերորդը. «Աֆղանստանը և 2014 թ. վերջին միջազգային աջակցության անվտանգության ուժերի գործողության ավարտը»:

 

 

Նույն շարքից