Միջազգային 

Աբխազիան նոր պայմանագիր կստորագրի Ռուսաստանի հետ

analitik.am

Օգոստոսի 24-ին Աբխազիայի նախագահական ընտրություններում հաղթած Ռաուլ Հաջիմբան Մոսկվայի հետ հարաբերությունները բնութագրել է` որպես «երկու բարեկամական պետությունների եւ ռազմավարական գործընկերների հարաբերություններ»՝ խոստանալով մինչեւ տարեվերջ նոր միջպետական պայմանագիր ստորագրել Ռուսաստանի հետ, փոխանցում է «Իզվեստիան»:  
Հաջիմբան նշել է, որ նոր պայմանագրում կընդգրկվեն անվտանգության, պետական սահմանի խնդիրների հետ կապված հարցեր, սոցիալական հարցեր, ինչպես նաեւ «մեր փոքր երկրի համար կարեւոր շատ այլ հարցեր»:

Մեկնաբանելով նախագահի պաշտոնում սպասվող աշխատանքը` Հաջիմբան հայտարարել է, որ անհրաժեշտ են իշխանության ճյուղերի բալանսի փոփոխություններ, այդ թվում` նախագահի լիազորությունների մի մասի հանձնումը խորհրդարանին: Տնտեսական  բնագավառում սահմանադրական փոփոխությունների կարիք չկա, կարծում է Հաջիմբան: «Անհրաժեշտ է զարգացնել զբոսաշրջային բնագավառը, որին կհետեւի ագրարային սեկտորը, ճանապարհային ենթակառուցվածքը»:

Ավելի վաղ նախագահի թեկնածուներն Աբխազիայում քաղաքական համակարգի փոխակերպման պայմանագիր էին ստորագրել: Ըստ փաստաթղթի`  «նախագահական ընտրություններից հետո գործադիր իշխանությունը կձեւավորվի դաշինքի հիման վրա, որը ենթադրում է մասնագետներ ներգրավել տարբեր քաղաքական կուսակցությունների կազմից  եւ նախագահի թեկնածուների համախոհներից»: Առաջին հերթին համաձայնագիրն ուղղված է երկրում ներքաղաքական լարվածությունը վերացնելուն:

Նույն շարքից