Միջազգային 

Օբաման Սիրիայի օդային տարածքում թույլատրել է հետախուզական թռիչքները

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան հատուկծառայություններին թույլատրել է հետախուզական թռիչքներ իրականացնել Սիրիայի երկնքում: Այս մասին Associated Press-ին հայտնել են ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները:

Նրանք նշել են, որ Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարելու համար Վաշինգտոնը հավաստի տեղեկության կարիք ունի: Նրանց կարծիքով՝ հետախուզական թռիչքները կարևոր բաղադրիչ են այդպիսի տվյալներ հավաքելու գործում:

Փորձագետները ենթադրում են, որ այդ քայլը կարող է նախորդել օդային հարվածներ հասցնելուն:

ԱՄՆ զինված ուժերի շտաբների ղեկավարների կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ գնդապետ Էդվարդ Թոմասը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները քննարկում են Սիրիայի և Իրաքի տարածքում «Իսլամական պետության» զինյալների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունը: «Մենք պատրաստում ենք Սիրիայում և Իրաքում խնդրի լուծման տարբեր տարբերակներ»,- հայտարարել է նա: Նրա խոսքով՝ «նկատի են առնվում մի շարք միջոցներ, ներառյալ զինյալների դիրքերի ուղղությամբ օդային հարվածներ հասցնելը»:

Նույն շարքից