Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չեղյալ է համարել Թուրքիա այցը և Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի շտապ նիստ հրավիրել՝ «Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման առնչությամբ»: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, գրում է УНИАН-ը:
«Ես որոշում եմ կայացրել չեղյալ համարել Թուրքիայի Հանրապետություն աշխատանքային այցը՝ կապված Դոնեցկի շրջանում, մասնավորապես՝ Ամվրոսիևկայում և Ստարոբեշևոյում իրավիճակի կտրուկ սրման հետ, քանի որ ռուսական զորքերը մտել են Ուկրաինա»,- հայտարարել է Պորոշենկոն:
Նախագահը հայտնել է, որ այսօր կհրավիրվի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ՝ հետագա քայլերի մշակման համար:
«Նախագահի տեղն այսօր Կիևում է»,- ընդգծել է Պորոշենկոն՝ հավելելով, որ աշխարհը պետք է գնահատական տա Ուկրաինայում իրավիճակի կտրուկ սրմանը:
Պորոշենկոն նշել է, որ Ուկրաինան կդիմի իր եվրոպացի գործընկերներին Եվրամիության խորհրդի արտակարգ նիստ հրավիրելու կոչով: Նա հավելել է, որ որոշում է կայացրել չեղյալ հայտարարել այցը Թուրքիա՝ չնայած նախատեսված յոթ երկկողմ հանդիպումներին, որոնք նախատեսված էին Թուրքիայի նախագահի երդմնակալությանը նվիրված միջոցառումների շրջանակում: