Տնտեսություն 

Փնտրվում են անվճար փորձագետներ՝ օրենքներ փչացնելու համար

analitik.am

Եթե դուք ընդերքի մասին օրենսդրության փայլուն մասնագետ եք և փայլուն մասնագետ լինելով, պարապ եք, ու սիրում եք անվճար աշխատել, պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ձեզ համար «գայթակղիչ» առաջարկ ունի՝ ուղարկեք ձեր կենսագրականը նրա էլեկտրոնային հասցեին։ Գրում է սոցկայքի օգտատերերից մեկը:

«Պարզվում է՝ պատգամավորն ուսումասիրել է ընդերքի մասին օրենքը ու հասկացել, որ դա «կարծես գրված լինի ընդդեմ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի և հանուն հանքերը շահագործող օտարերկրյա ներդրումների»»,-հավելում է օգտատերը:

Գրառման հեղինակը շարունակում է. «Ի դեպ․«Խնդրում ենք դիմեն միայն այս ոլորտի օրենսդրության մասնագետները»: Իսկ այդպիսի մասնագետներն, իհարկե, շատ չեն, որ արդեն գիտեն օրենքի ստեղծման պատմությունը, ուստի դժվար հավակնեն մասնակցել այս ձրի քասթինգին»։

Ապա օգտատերը չիմացողների համար ներկայացնում է Ընդերքի մասին օրենքը. «Այն գրվել է Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցությամբ, դրա վրա մեկ տարուց ավելի աշխատել են Համաշխարհային բանկի և Հայաստանի լավագույն մասնագետները, ու բոլորովին ոչ անվճար: Օրենքը լիովին համապատասխանում է միջազգային փորձին ու, իհարկե, նաև ուղղված է օտարեկրյա ներդրումներ ներգարվելու նպատակին։ Այն պետք է բխի միջազգային իրավունքից, նաև՝ խթանի ներդրումները. «Իսկ ուրիշ ի՞նչ պետք է խթաներ Ընդերքի մասին օրենքը: Չէ՞ որ այն օրենք է ընդերքի շահագործման կարգի մասին: Իսկ ո՞վ է շահագործելու ընդերքը, եթե ոչ ներդրողը:

Ի դեպ, Հայաստանի տնտեսական ու ներդրումային միջավայրը այնքան վատն է, որ նույնիսկ «ներդրողների համար գրված» Ընդերքի մասին օրենքի պայմաններում ներդրողները Հայաստանին նույնիսկ անվտանգ հեռավորությունից մոտ չեն գալիս: Եվ դա Վարազդատ Կարապետյանի նման «տնտեսագետների» շնորհիվ է:

Եթե պարոն Կարապետյանն իր գործին տիրապետեր, որպես օրենսդիր, կիմանար, որ այո՛, Ընդերքի մասին օրենքը պետք է միտված լինի ներդրումներ ներգրավելուն, որովհետև հենց դա է բխում երկրի շահից: Իսկ Հայաստանի շահից բխող մյուս խնդիրները պետք է կարգավորվեն այլ օրենքներով՝ հարկային և կամ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ)-ի մասին օրենքով, սրանով պետք է կարգավորեն բնապահպանական խնդիրները՝ նույնպես ամենախիստ ու անզիջում սկզբունքներով։

Պետք է ավելորդ լիներ պատգամավորներին հորդորել՝ ընդերքի վերաբերյալ օրենսդրությունը դիտարկել ամբողջության մեջ ՝ նաև ՇՄԱԳ-ի մասին օրենքը ներառելով, ոչ թե հատվածական։ Մինչդեռ ՇՄԱԳ-ի օրենքի պահանջների կատարմանը հետևելու, ու ՀՀ օրինական շահերը հետապնդելու փոխարեն, պատգամավորը որոշել է պատժել օտարերկրյա ներդրողներին՝ օրենքը նրանց համար ձրի խորհրդատվությամբ հնարավորին անբարենպաստ դարձնելով։ Հետաքրքիր է նաև, որ հանքարդյունաբերության մասին պարբերաբար տեսակետներ արտահայտող պատգամավորը, պարզվում է նոր է կարդացել այդ ոլորտի կարևոր օրենքներից մեկը՝ «Ընդերքի մասին օրենքը», իսկ «ՇՄԱԳ» օրենքը հավանաբար կընթերցի այս թեմայով ևս մի քանի հարցազրույց տալուց հետո:

Նշանակում է ավելորդ չէ խորհուրդ տալ՝ եթե պատգամավորները չեն գտնում ավելի օգտակար գործ, բայց շրջակա միջավայրի հետ կապված կամավորական գործունեության անզուսպ պահանջ են զգում, ավելի լավ կլինի կամավորներ գտնեն ու մաքրեն աղբից էկոլոգիական աղետի առջև կանգնած մայրաքաղաքը և Սևանի ափամերձ տարածքները: Դրա համար էնտուզիազմ պետք է, վճարել պարտադիր չէ, և որևէ տեսակի փայլուն մասնագետ լինել չի պահանջվում։

Երբ վերգետնյա աշխարհը 40 աստիճան ջերմության պայմաններում նեխում է և գարշահոտություն տարածում, ընդերքի օրենսդրությունը դեռ կսպասի, հատկապես, որ ձրի՝ հետևաբար անորակ, լրաշմակման կարիք գոնե այդ օրենքն ընդհանրպես չի զգում»,-ամփոփում է օգտատերը:

Նույն շարքից