Տնտեսություն 

ՊԵԿ նախագահը 181 միլիոն խնդրեց կառավարությունից ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու համար

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 1-ին, կառավարության նիստի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու մասին նախագիծը՝ հիշեցնելով, որ  տեղափոխության մասով հանձնարարականը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից եղել է դեռ ապրիլին Նորագավիթի ավտոմաքսատուն կատարած այցի ժամանակ:

Անանյանը նշեց, որ իրենք դրանից հետո համապարփակ առաջարկ են ներկայացրել՝ առաջարկելով արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն կառուցել Գյումրիում, որը կիրականացնի նաև ավտմեքենաների մաքսային ձևակերպումները:

ՊԵԿ նախագահը հայտնեց, որ առաջարկը տեղ է գտել 5-ամյա ծրագրում, իսկ այժմ կառավարության դատին է ներկայացնում վերոնշյալ կենտրոնի մեկնարկն ազդարարող նախագիծը: Առաջարկվում է ավտոմաքսատան գործառույթի տեղափոխել առաջնահերթ, որը պայմանավորված է նաև ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներկրվող ավտոմեքենաների թվի կտրուկ աճի  և սպասվելիք աճի հետ:

Անանյանն ասաց, որ այսօրվա առկա հնարավորությունները թույլ չեն տալիս սպասարկել աննախպադեպ ծավալները, դրա համար հրատապ նախագիծ է ձեռնարկվել:

Նախագծով առաջարկվում է 181 միլիոն դրամ  նախատեսել, հարցը լուծելու համար: Նախնական հաշվարներով ընդհանուր գործառույթի տեղափոխության համար անհրաժեշտ կլինի մոտ 2,2 միլիարդ. «Մենք ազդադարում ենք մեկնարկը՝ խնդրելով 181 միլիոն տրամադրել»:

Նույն շարքից