Տնտեսություն 

Ինչ է որոշելու կառավարությունը. Ֆինանսների նախարարը՝ Ամուլսարի մասին

analitik.am

Ես կարծում եմ, որ պետք է ապավինել մասնագետների փորձաքննության արդյունքներին և առաջնորդվել  դրանով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով հարցին՝ իր կարծիքով Ամուլսարի հանքը պետք է շահագործվի՞, թե՝ ոչ:

Ճշտող հարցին, թե ինչպես պետք է դա հասկանալ, ֆիննախն ասաց, որ բոլորն են ծանոթացել փորձաքննության արդյունքներին:

Ջանջուղազյանի խոսքերով, ամեն դեպքում հարցին պետք է նայել ոչ միայն տնտեսական տեսանկյունից. «Հարցի միակողմանի դիտարկումն իր մեջ ռիսկ է պարունակում: Ցանկացած հարցում պետք է համակողմանի մոտենալ և հավասարակշված որոշում կայացնել: Երբ որոշումը կայացվի, կտեսնեք, թե ինչպիսի մասնակցություն եմ ունեցել կայացվող որոշման մեջ»:

Պետական պարտքի դինամիկայի մասով նախարարն ասաց, որ ռիսկերը կառավարելի են, չկան չկանխատեսված և անսպասելի բացասական փոփոխություններ:

Հիշեցնենք, որ Էլարդ ընկերության փորձաքննության արդյունքներով Ամուլսարի մասով ռիսկերը կառավարելի են, վտանգներ չկան: Այս եզրակացության հիման վրա էլ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ պետք է հնարավորություն տալ հանքին շահագործվելու: Ավելի ուշ վարչապետը եզրակացությունն ուղարկեց Շրջակա միջավայրի նախարարություն լրացուցիչ ուսումնասիրության համար:

 

Նույն շարքից