ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայում իրավիճակի հետագա լարման դեպքում՝ «լրացուցիչ գին» կվճարի իր գործողությունների համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Եվրոպական դաշնակիցների ու գործընկերների հետ փոխգործակցությամբ, ինչպես ես սպասում եմ, մենք լրացուցիչ քայլեր կձեռնարկենք, քանի որ Ռուսաստանի կողմից խնդիրների լուծման գործողություններ չենք տեսնում»,-ասել է Օբաման:
Նա համարում է, որ Ռուսաստանը «պատասխանատու է Ուկրաինայի արեւելքում բռնության համար», քանի որ զինում, ֆինանսավորում եւ վարժեցնում է ռուսամետ ակտիվիստներին:
ԱՄՆ նախագահը հիշեցրել է, որ հաջորդ շաբաթ ինքը Ուելսում մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին եւ հույս հայտնել, որ Դաշինքի անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը քննարկման թեմաներից կլինեն Ռուսաստանի նկատմամբ նոր միջոցառումները:
Բացի այդ, Օբաման հայտնել է, որ ուկրաինական իրադարձությունները հեռախոսով արդեն քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: