ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի արեւելքում արյունահեղության դադարեցման ուղղված առաջնահերթ քայլերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ հնարավոր ելքերի վերաբերյալ Պուտինի եւ Պորոշենկոյի տեսակետները զգալի համընկնում են:
«Առաջարկվել է քննարկել Ուկրաինայի ռազմական եւ հումանիտար ճգնաժամը: Պետությունենրի ղեկավարները կարծիքներ են փոխանակել այն մասին, թե ինչ է պետք անել առաջնահերթ՝ երկրի հարավ-արեւելքում արյունահեղության դադարեցման համար: Երկու երկրների ղեկավարների տեսակետները ճգնաժամային ծանր իրավիճակից հնարավոր ելքերի վերաբերյալ զգալի համընկնում են», — ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման վերաբերյալ Պյոտր Պորոշենկոյի հետ ձեռքբերված պայմանավորվածության մասին: