Միջազգային 

Բանգլադեշի իշխանությունները մուսուլման փախստականներին կարտաքսեն անմարդաբնակ կղզի

Բանգլադեշի իշխանությունները պատրաստվում են Բհասան Չար անմարդաբնակ կղզում բնակեցնել ռոհինջա ազգի շուրջ 100 հազար ներկայացուցիչների, որոնք փախել են հարևան Մյանմաից: Այս մասին lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է Deutsche Welle-ն:

DW-ի թղթակիցը եղել է այդ կղզում և պատմում է, որ այնտեղ գրեթե մոտենում են ավարտին մի ամբողջ քաղաքի կառուցման աշխատանքները: Նախագծի իրականացումը տևել է 1.5 տարի:

Կղզու ապագա բնակիչների համար նախատեսված են հասարակ, բայց ընդարձակ բետոնե տներ, ոստիկանական բաժանմունքներ, բժշկական հաստատություններ և ապաստարաններ, որտեղ կարող են թաքնվել անբարենպաստ եղանակին: Ժամանակի ընթացքում բնակֆոնդը կաճի և կհասնի 400 հազարի:

Փորձագետների կարծիքով ապագա բնակիչները կբախվեն տարերային աղետներին. օվկիանոսում գտնվող հարթ կղզումցիկլոններից պատսպարվելու տեղ չկա: Իսկ ցիկլոններ հաճախ են լինում՝ կլիմայի հաճախակի փոփոխության պատճառով: Բհասան Չար կղզին հայտնվել է մոտ 20 տարի առաջ և, ինչպես կանխատեսում են որոշ մասնագետներ, կարող է կրկին անցնել ջրի տակ:

Բանգլադեշի իշխանությունները վստահեցնում են, որ հաշվարկել են բոլոր հավանական ռիսկերը և ձեռնարկում են անվտանգության միջոցներ: Սակայն շատ փախստականներ նրանց չեն վստահում. մարդիկ վախենում են աղետներից և նաև չեն ուզում արտաքին աշխարհից մեկուսացած լինել:

«Եթե նրանք կամովին չգնան, մենք նրանց կպարտադրենք»,- լրագրողներին ասել է արտգործ նախարար Աբուլ Քալամ Աբդուլ Մոմեն: Նա նաև հայտարարել է, որ իշխանությունների օրակարգի մեջ չեն մտնում ՄԱԿ-ի մասնակցությունը տեղահանման գործընթացին:

Ավելի քան 730 հազար մուսուլմաններ են 2017թ. ապաստան գտել Բանգլադեշում հարևան Մյանմայից: Փախստականները պատմում են էթնիկ զտումների, առանց դատ ու դատաստան սպանություններ, բռնաբարությունների մասին: իսկ այդ ամենը, նրանց խոսքով, երկրի բանակն է իրագործում: Մինչդեռ Մյանմայում պնդում են, որ այդ ամենը հորինվածք է, իրականությանը չի համապատասխանում, իսկ զինվորներն իրականացրել են հակաահաբեկչական գործողություն:

 

Նույն շարքից