Միջազգային 

Սաակաշվիլին հերքել է հույն սահմանապահների կողմից իրեն ձերբակալելու մասին լուրեր

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չորեքշաբթի հերքել է հույն սահմանապահների կողմից իր ձերբակալության մասին տեղեկությունները: Այդ մասին մեկնաբանություն նա տվել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունների տարածած տեղեկությունները «չեն համապատասխանում իրականությանը»:

Այն մասին, որ հույն սահմանապահներն Էգեյան ծովում՝ Սամոս կղզում, կանգնեցրել են բրիտանական դրոշով զբոսանավը, որում և գտնվել է Վրաստանի նախկին նախագահը, հայտնել էր Հունաստանում Վրաստանի դեսպան Դավիդ Բաքրաձեն:

 

Այդ տեղեկությունը ստացվել էր Սամոս կղզու ոստիկանության բաժնի պետից: Սաակաշվիլին եղել է Վրաստանի, ինչպես նաև Հոլանդիայի և Թուրքիայի մի քանի քաղաքացիների ընկերակցությամբ, պատմել էր դեսպանը:

 

Բաքրաձեն բացատրել էր, որ զբոսանավի ուղևորների անձնագրերը ստուգելիս պարզվել է, որ «հույն սահմանապահների տվյալների բազայում տեղեկություն է հայտնվել Սաակաշվիլիին ձերբակալելու մասին, որը ստացվել է վրացական կողմից»:

 

«Ելնելով նրանից, որ Սաակաշվիլիին միջազգային հետախուզում հայտարարելու գործընթացը դեռ չի ավարտվել, հունական կողմը նրան ձերբակալելու հիմք չի ունեցել»,- նշել էր վրացի դեսպանը՝ հավելելով, որ դրանից հետո զբոսանավի ուղևորները շարունակել են ճանապարհը դեպի Թուրքիա նույն կազմով:

Նույն շարքից