Միջազգային 

Բալթյան երկրներին անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի լրացուցիչ օգնությունը. Էստոնիայի ԱԳՆ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի այցն Էստոնիա՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի նախօրեին, «հստակ ուղերձ է», հայտարարել է Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պայետը DW-ի հետ հարցազրույցում:

Դիվանագետը նշել է, որ վերջին ամիսներին ՆԱՏՕ-ի շնորհիվ տարածաշրջանում դրական փոփոխություններ են տեղի ունեցել. օրինակ՝ Էստոնիայի Էմարի ռազմական օդանավակայանն այժմ դաշինքի առաքելության անբաժանելի մասն է: Պայետը ցանկություն է հայտնել անփոփոխ պահել ՆԱՏՕ-ի գոյություն ունեցող միջոցները եւ նշել է հավելյալ  «որոշակի» քայլերի անհրաժեշտությունը՝ բալթյան երկրներին աջակցելու համար:

Էստոնիայի արտգործնախարարը նաեւ հավելել է, որ չի կարող հաստատել ՆԱՏՕ-ի՝ Արեւելյան Եվրոպայում հինգ նոր  ռազմաբազա տեղակայելու ծրագրերի մասին լուրերը:

Անդրադառնալով Ուկրաինայի ճգնաժամում Ռուսաստանի գործողություններին՝ Էստոնիայի արտգործնախարարը նշել է, որ հաշվի առնելով «ռուսական ներխուժումն Ուկրաինա», կարելի է եզրակացնել, որ Մոսկվայի համար այլեւս կարեւոր չեն 1975 թ. Հելսինկիյան համաձայնությունները եւ 1997 թ. ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի միջեւ Համագործակցության վերաբերյալ հիմնարար  պայմանագիրը: Ակնհայտ է, որ միջազգային անվտանգության սպառնալիքի մակարդակը փոխվել է՝ Ուկրաինայում ՌԴ գործողությունների հետ կապված, ընդգծել է Պայետը:

Նույն շարքից