Միջազգային 

Ալիեւի ռեժիմն, իրոք, մոլորակի ամենաճնշող ռեժիմներից է. «Le Monde»

Զգալի կրճատումներով ներկայացնում ենք ֆրանսիական «Le Monde»-ում հրապարակված Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Արլետա Գրոսքոտի, Ֆրանսուա Պյուպոնիի եւ Ֆրանսուա Ռոշբլուանի հոդվածը.


«Իսլամական պետության» կողմից ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի գլխատումը արդարացիորեն արժանացավ միջազգային խիստ քննադատությանը: Մի քանի օր դրանից առաջ եւս նմանատիպ մահապատիժ տեղի ունեցավ: Այն նույնպես տեսագրվել է իսլամիստների կողմից, եւ նույնպես կարելի է տեսնել սոցիալական կայքերում: Այդ զոհը եւս քաղաքացիական անձ էր եւ իր դահիճներին ոչ մի արդարացում չկա, եթե անգամ նրան համարել են թշնամի-քարոզիչ: Ճիշտ է, թեեւ նրան բռնել են ջինսով եւ սպորտային կոշիկներով, սակայն մահապատժից առաջ զինվորական հագուստ են հագցրել, որպեսզի ներկայացնեն որպես թշնամական հատուկ ծառայությունների գործակալ:


Այս բարբարոսության զոհը Կարեն Պետրոսյանն է: Սա հայ գյուղացի էր, սակայն առանց ձեւականությունների սպանվեց ադրբեջանական բանակի զինվորների կողմից: Նրա առեւանգման հանգամանքները դեռեւս պարզ չեն եւ լիովին հնարավոր է, որ վերջինս առեւանգվել է հենց Հայաստանի տարածքում: Այս դիպվածը ադրբեջանական, հայկական եւ ղարաբաղյան զինված ուժերի միջեւ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից բաժանող շփման գծում բազմաթիվ բախումների գագաթնակետն էր:

Բաքվի ռեժիմի կողմից հրահրվող քայլերի ակնհայտ նպատակը Ալիեւի եւ Սարգսյանի՝ Սոչիի հերթական բանակցային փուլում մյուս կողմի վրա ճնշում գործադրել էր: Բախումների արդյունքում երկու կողմերից մոտ 30 մարդ զոհվեց:


Արձագանքելով Ջեյմս Ֆոուլիի սպանությանը, ԱՄՆ-ի նախագահ Օբաման հայտարարեց, որ «Իսլամական պետությունը» քաղցկեղ է, որը 21-րդ դարում տեղ չունի»: Հավանաբար ոչ ոք չի մտածի  իրաքցիներին ու սիրիացիներին, լինեն նրանք մահմեդականներ, քրիստոնյաներ, թե եզդիներ, ընդունել իսլամական պետության արյունալի իշխանությունը: Ի հակադրություն սրա՝ որոշ անվախ դիվանագետներ, հավանաբար, կարծում են, որ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է վերադառնա Ադրբեջանի հովանու տակ, որից նա ազատվել է 20 տարի առաջ՝ պատերազմի արդյունքում: Սա ոչ մի կերպ չի կարող ընթացիկ բանակցությունների առարկա դառնալ: Բոլորին պետք է հայտնի լինի. չի կարելի պահանջել այնպիսի ժողովրդավարական երկրի, ինչպիսի Ղարաբաղն է, վերադառնալ Ադրբեջանի նման բռնատիրական պետության գիրկը, հատկապես երբ վերջինիս նախագահը հայտարարում է, որ հայերը, որտեղ էլ որ ապրեն, իր երկրի թշնամիներն են: 


Ալիեւի ռեժիմն, իրոք, մոլորակի ամենաճնշող ռեժիմներից է: «Amnesty International», «Human Rights Watch» եւ«Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպությունների կողմից պարբերաբար  դատապարտվելով՝ ադրբեջանական ռեժիմը իր սեփական քաղաքացիների՝ նույնիսկ էթնիկ ադրբեջանցիների համար սպառնալիք է, ինչի մասին վկայում են Լեյլա եւ Արիֆ Յունուսների եւ Ռասուլ Միրքադիրովի կամայական  կալանավորումները: Այդ պայմաններում դժվար չէ պատկերացնել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի ճակատագիրը, երբ դեռ 1990-ական թթ. ադրբեջանական ռեժիմի կողմից կազմակերպված ջարդերը հանգեցրին սեփական անկախ պետության ստեղծմանը:


Բացի այդ, մեր կողմից ակնհայտ է ու ցավալի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ներկայիս բանակցությունները, հավանաբար դատապարտված են տապալման: Առաջին հերթին, այն պատճառով, որ այդ բանակցությունները իրականացվում են՝ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդավարությամբ ընտրված ներկայացուցիչների: Իսկ մյուս կողմից, Իլհամ Ալիեւի ոչ ճկուն դիրքորոշման պատճառով, ով մտադիր է վերադառնալ ստալինյան իշխանությամբ հաստատված գաղութային սահմաններին՝ չնայած իր կողմից սկսված եւ հաղթված պատերազմին եւ չնայած իր անընդունելի վերաբերմունքին, ինչի մասին եւս մեկ անգամ վկայում է Կարեն Պետրոսյանի սպանությունը: Այդ սպանությունը ռազմական հանցագործություն է, եւ ուրեմն, արդարացի է Իլհամ Ալիեւին միջազգային դատարանի առաջ կանգնեցնելը:

Նույն շարքից