Միջազգային 

Պուտինի հայտարարությունը «մեսիջ» էր Նազարբաեւին

analitik.am

Քանի դեռ Նուրսուլթան Նազարբաեւը աշխատում է հետխորհրդային տարածքի ինտեգրացիայի օգտին, Ղազախստանը ոչ մի խնդիր չի ունենա տարածքների անխախտելիության հարցում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ռուսաստանաբնակ քաղաքագետ, Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի Նյու յորքի ներկայացուցչության ղեկավար  Անդրանիկ Միհրանյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե Ղազախստանի պետությունը գոյություն չի ունեցել նախքան նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը եւ արդյոք Ռուսաստանը մտադրություն ունի վերանայել առկա սահմանները:


Միհրանյանի խոսքով՝ Նազարբաեւը մշտապես հայտարարում է, որ ինքը եվրասիական ինտեգրացիայի առաջնորդն է, հետեւաբար ինքը չպետք է վախենա: «Ես կարծում եմ, Պուտինի հայտարարությունը «մեսիջ» էր Նազարբաեւին այն մասին, որ վերջինս ինչ-որ տարօրինակ հայտարարություններ է անում, հատկապես ուկրաինական իրադարձություններից հետո: Ես միշտ Նազարբաեւին խելացի մարդ եմ համարե,, բայց զարմացա, որ նա սկսեց ջղաձգվել ու խուճապի մատնվել: Նա մտածում էր, որ վաղը իր ձեռքից կխլեն պետությունը, բայց նա շատ լավ գիտի, որ այդ պետությունը նրան բաժին է հասել հենց այնպես»,-նշել է Անդրանիկ Միհրանյանը:


Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին «Սելիգեր-2014» երիտասարդական հավաքի ժամանակ, պատասխանելով հավաքի հյուրերից մեկի հարցին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց. «Նա (Նազարբաեւը) յուրահատուկ բան արեց: Չէ որ նա պետություն ստեղծեց մի տարածքում, որտեղ նախկինում պետություն չկար: Ղազախները երբեք պետականություն չեն ունեցել: Նա ստեղծեց այն»:

Նույն շարքից