Միջազգային 

Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ պայմանավորվածությունները պարտադիր կերպով ենթակա են կատարման. Լավրով

analitik.am

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր որոշումները եւ Ժնեւում ու Բեռլինում համաձայնեցված բոլոր պայմանավորվածությունները պարտադիր կերպով ենթակա են կատարման, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:


«Մենք համոզված ենք, որ եւ Եվրոպայի Խորհրդում, եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, եւ ԵԱՀԿ-ում ընդունված որոշումները ինչպես նաեւ Ժնեւում եւ այլ քաղաքներում ձեռքբերված պայմանավորվածությունները պետք է ամբողջապես իրականացվեն», - Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լավրովը:


Նրա խոսքով՝ սա վերաբերում է բոլոր հետաքննություններին, այդ թվում՝ Մայդանում, Օդեսայում իրականացված հանցագործություններին ու մալայզիական Boeing-ի աղետին:


Իր հերթին, Յագլանդը Ռուսաստանի կոչ է արել ազդել ուկրաինական հակամարտության կողմերի վրա:


«Մենք կոչ ենք անում հակամարտող բոլոր կողմերին դադարեցնել արյունահեղությունը, իրենց հռետորաբանությունը պակաս կոշտ դարձնել եւ հակամարտության կարգավորման համար գործադրել բոլոր հնարավոր ջանքերը», - նշել է Եվրոպային խորհրդի գլխավոր քարտուղարը:

Նույն շարքից