ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնաբանել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ներկայությունը Ուելսում այսօր մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:
«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ներկա են ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որը ուժեղ հայտարարություն է մեր ընդհանուր արժեքների ու նպատակների մասին»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուորլիքը «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում չէր բացառել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը հաջորդ շաբաթ Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի եւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակը հայտնել է, որ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնում է Մեծ Բրիտանիա: Նա կմասնակցի Աֆղանստանում առաքելության անդամ երկրների ղեկավարների ու վարչապետների հանդիպմանը:
Ավելի վաղ ՀՀ նախագահի աշխատակազմը ոչ հերքել, ոչ հաստատել էր Ադրբեջանի նախագահի հետ հաջորդ շաբաթ Ուելսում հնարավոր հանդիպման մասին տեղեկությունը: