Միջազգային 

Մենք ցանկանում ենք ամրապնդել հարաբերությունները առավել արժեքավոր գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի հետ.Քեթրին Լիչ

Ուկրաինայում, Իրաքում, Լիբիայում, Սիրիայում եւ Գազայում վերջին ամիսների ահավոր դեպքերից, ինչպես նաեւ արեւմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի տարածումից հետո աշխարհն «անկանխատեսելի» անվանելն ադեկվատ գնահատական չի թվում: Այս մասին իր բլոգում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի առթիվ գրել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը:


Ըստ նրա՝ անկայունությունը տարածվել է նաեւ Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում՝ Իսլամական պետության գրոհայինների բարբարոսական դրսեւորումներով Սիրիայում եւ Իրաքում, որտեղ դաժանաբար ավերվում է կրոնների եւ ժողովուրդների պատմական խճանկարը, այդ թվում՝ հայկական կարեւոր համայնքներինը: «Եվ անվտանգության այս աննախադեպ մարտահրավերները ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ֆոնն են, որը Ուելսում կանցկացվի սեպտեմբերի 4-5-ին»,- գրում է դեսպանը:


Քեթրին Լիչը կանգ է առնում գագաթաժողովի երեք հիմնական թեմաների վրա. Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում, Աֆղանստանում ISAF-ի առաքելության փոխակերպումը՝ տեղի իշխանություններին աջակցելու համար, ինչպես  նաեւ ամենաարժեքավոր գործընկերների հետ հարաբերությունների խորացումը:


ՆԱՏՕ-ի գագաթաժողովի առաջին օրը նվիրված է 24 երկրների հարաբերություններին, որոնք ISAF-ի մաս էին կազմում՝ մեր ամենաարժեքավոր գործընկերներին: Հայաստանը մեկն է դրանցից. լինելով ՀԱՊԿ անդամ՝ այն աննախադեպ կերպով մասնակցում էր նաեւ Աֆղանստանի եւ Կոսովոյի խաղաղապահ առաքելություններին՝ վերջին 10 տարում: «Հայաստանի ավանդն ISAF-ում այս պահին ավելին է, քան ՆԱՏՕ-ի որոշ գործընկեր երկրներինը, եւ միայն աննշան է զիջում Ֆրանսիայի ավանդին»,- գրում է դիվանագետը:


«Երրորդ, մենք ցանկանում ենք ամրապնդել հարաբերությունները առավել արժեքավոր գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի հետ, եւ «համատեղության» հարաբերություններ կառուցել, միասին աշխատելու ունակություն, որի ուղղությամբ աշխատել ենք վերջին 10 տարիներին: Չկայացած պետությունների, տարածաշրջանային հակամարտությունների, ահաբեկչության եւ կիբերհարձակումների այս անկայուն աշխարհում պաշտպանունակության եւ համագործակցության հասնելու համար համատեղ աշխատանքն այսօր կարեւոր է, քան երբեւէ: Մենք ցանկանում ենք աշխատել նրանց հետ, ովքեր կիսում են մեր արժեքները եւ գնահատում գործընկերությունը»,- կարծում է դեսպանը:


Եվ վերջապես, ըստ Լիչի, գագաթաժողովը լավ հնարավորություն է Ուելսի վրա լույս սփռելու համար:


Լիչի խոսքով՝ Հայաստանի նման Ուելսն էլ փոքր, գեղեցիկ եւ հպարտ երկիր է՝ հայտնի իր ավանդույթներով, երաժշտությամբ, հյուրասիրությամբ եւ հանրահայտ կարմիր վիշապով:  «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել նախագահ Սարգսյանին ու հայկական պատվիրակությանը՝ ISAF-ի մեր արժեքավոր գործընկերներին, ՆԱՏՕ-ի այս տարվա գագաթաժողովում: Բարի գալուստ Ուելս»,- ընդգծել է դեսպանը:

Նույն շարքից