Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Խամենեին հավանություն է տվել իրանցի պաշտոնյաների եւ ԱՄՆ-ի ՊՆ-ի ներկայացուցիչների շփումներին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Թեհրանի բարձրաստիճան աղբյուրը:
Իրաքի հյուսիսից ստացվող տեղեկությունների համաձայն՝ քրդերի տնօրինության տակ գտնվող տարածքներում արդեն Իրանի եւ ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց հանդիպումներ են կայանում՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ընդլայնման հետ կապված:
Երկու երկրները, որոնց միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել էին 1980թ., համակարծիք են, որ ԻՊ-ն ներկայումս Մերձավոր Արեւելքի անվտանգության գլխավոր սպառնալիքն է:
Վերջերս Իրանը զենք եւ զինամթերք էր ուղարկել քրդական ինքնապաշտպանության ուժերին: Նույնն անում է եւ Պենտագոնը, միաժամանակ ամերիկյան օդուժը հարվածներ է հասցնում ԻՊ-ի գրոհայինների դիրքերին: