Տիբեթի բուդդիստների հոգևոր առաջնորդ Դալայ Լաման խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նրա կարծիքով՝ ռուս քաղաքական գործիչը չափազանց երկար է գտնվում իշխանությունում։
«Պարոն Պուտինը նախ նախագահ էր, հետո վարչապետ, հետո նորից նախագահ։ Դա շատ է»,- ասել է Դալայ Լաման գերմանական Die Welt պարբերականին տված հարցազրույցում, փոխանցում է Deutsche Welle-ն։
«Դա վկայում է այն մասին, որ նա եսակենտրոն է՝ ես, ես, ես»,- ասել է հոգևոր առաջնորդը՝ ընդգծելով, որ հենց դրանում է թաքնված ռուսական խնդիրների հիմքը։
Դալայ Լաման նշել է նաև, որ ի տարբերություն Չինաստանի՝ Ռուսաստանը և նրա նախագահ Պուտինն այժմ չեն ձգտում դառնալ աշխարհաքաղաքական համակարգի մի մասը և երկար ժամանակահատվածում ընդունել խաղի միջազգային կանոնները։ Նա նշել է, որ «Պուտինը, կարծես, փորձում է կառուցել նոր Բեռլինյան պատ, սակայն, միևնույն ժամանակ, վնասում է իր երկրին»։