ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը համարում Է երկրի արտաքին քաղաքականության գլխավոր գերակայություններից մեկը: Այդ մասին Պեկինում ՉԺՀ-ի Պետխորհրդի անդամ Յան Ցզեչիի հետ կայացած հանդիպմանը հայտարարել Է Սպիտակ տան ղեկավարի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Սյուզան Ռայսը:
«Օբաման առաջվա պես Չինաստանը որպես գերակայություն Է դիտում ԱՄՆ-ի առջև ծառացած մյուս կարևոր հարցերի թվում»,-նշել Է Ռայսը: Նա նաև հայտնել Է, որ ժամանել Է ՉԺՀ-ի մայրաքաղաք՝ նախապատրաստելու ԱՄՆ-ի նախագահի՝ այս տարվա նոյեմբերին նշանակված Չինաստան այցի ծրագիրը:
Յան Ցզեչին Ռայսի հետ հանդիպման ժամանակ ասել Է, որ երկու երկրները «պետք Է հարգեն միմյանց հիմնական շահերն ու մտահոգությունները, կառուցողական ոգով լուծեն սուր հարցերի շուրջ ծագող տարաձայնությունները»: Նրա խոսքով՝ կողմերը մտադիր են քննարկել երկկողմ ռազմական համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարը, Մերձավոր արևելքի և Հարավային Սուդանի իրադրության կարգավորումը, հյուսիսկորեական ու իրանական միջուկային հիմնախնդիրների լուծումը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Պեկին իր ներկայիս ուղևորության ընթացքում, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 10-ը, Ռայսը հանդիպում կունենա նաև Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի և ՉԺՀ-ի պաշտպանության նախարար Չան Վանցյուանի հետ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: