Միջազգային 

Նյու Յորքում կքննարկվի Իրանի միջուկային հարցը

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը և Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը սեպտեմբերի 17-ին հանդիպում կանցկացնեն Նյու Յորքում, որը կնախորդի միջուկային հարցի շուրջ միջազգային միջնորդների վեցյակի և Թեհրանի բանակցություններին: Այդ մասին հաղորդել է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաղչիին:

 

Նա IRIB հեռուստաալիքին տված հարցազրույցում ճշտել է, որ սեպտեմբերի 17-ին Էշթոնը և Զարիֆը կհանդիպեն ճաշի շուրջ: Ընդսմին, գնահատելով Թեհրանի և «վեցյակի» բանակցությունների հնարավոր արդյունքները, Արաղչին նշել է, որ «իրանական միջուկային ծրագրի շուրջ Նյու Յորքում վերջնական համաձայնության հասնելը տեխնկապես անհնարին է»:

 

Իր հերթին, ինչպես նշում է Reuters գործակալությունը, Էշթոնը հուսով է, որ նոր հադիպման ընթացքում բանակցորդներին կհաջողվի «կրճատել խզումը» դիրքորոշումների միջև:

 

Թեհրանի հետ միջազգային միջնորդների «վեցյակի» հանդիպումը սեպտեմբերի 18-ին կկայանա Նյու Յորքում: Բացի այդ, սեպտեմբերի 11-ին կկայանա Եվրոեռյակի (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը՝ քաղաքական տնօրենների մակարդակով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից