Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների ընդունումը Կիեւն ընկալեց որպես երկրի հարավ-արեւելքում սեփական ժողովրդի հանդեպ ագրեսիայի քաջալերում, կարծում է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:
«Բոլորը, ովքեր փորձում են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, անպետք ուղի են ընտրել:
Պատժամիջոցները ոչ թե կրճատման, այլ բռնության հետագա աճի հանգեցրին, Կիեւի իշխանությունները դրանք ընկալեցին որպես երկրի հարավ-արեւելքում պատժիչ գործողության աշխուժացման առիթ, ինչի արդյունքը եղան նոր ավերածությունները եւ մարդկային բազմաթիվ զոհերը»,- ասել է Նարիշկինը ռուս-ճապոնական համաժողովում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա նշել է, որ նույնիսկ հիմա, երբ վերսկսվել է բանակցային գործընթացը, հրադադար է մտցվել, միեւնույն է՝ իրավիճակը խիստ բարդ է: